Միջուկային նորագույն սպառազինության մրցավազքը սառը պատերազմի վերսկսման վտանգ է ստեղծում
«Այժմ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանն ակտիվորեն ձգտում են մշակել նոր սերնդի համեմատաբար ոչ մեծ, սակավ կործանարար ուժով միջուկային սպառազինություն»,- գրում է The New York Times-ը: Սա վտանգ է ստեղծում, որ սպառազինությունների մրցավազքը կվերսկսվի, իսկ միջուկային տերությունների միջեւ ուժերի հավասարությունը, ինչն ավելի քան 50 տարի զերծ է պահում մեզ միջուկային պատերազմից, կխաթարվի»,- կարծում են լրագրողներ Վիլյամ Բրոդը եւ Դեյվիդ Սենջերը:
«Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն վերսկսում են գերիշխանության համար պայքարը: ԱՄՆ-ի պաշտոնյաները հիմնականում մեղադրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրանց խոսքերով՝ ՌԴ նախագահի անհաշտ կեցվածքը խոչընդոտել է երկու միջուկային տերությունների զինանոցները կրճատելու աշխատանքներին: Ոմանք մեղադրում են Չինաստանին, որը ձգտում է առավելության հասնել տեխնոլոգիաների ոլորտում՝ ամերիկյան հնարավոր հարձակումները կանխելու համար: Իսկ մյուսները կարծում են, որ մեղավոր է ԱՄՆ-ն, քանի որ երկիրը շտապում է իրականացնել միջուկային «արդիականացում», որն իրականացվում է հանուն անվտանգության եւ հուսալիության ամրապնդման, սակայն ստեղծում է «կրակի վրա յուղ լցնելու» վտանգ»,- ասվում է հոդվածում:
«Հակառակորդները տեսնում են, որ ԱՄՆ-ն մտադիր է ծախսել միջուկային սպառազինության վերածննդի համար մինչեւ 1 տրիլիոն դոլար 30 տարվա ընթացքում: Մոսկվան շարք է մտցնում փոքրացված մարտագլխիկներով մեծ հրթիռներ, եւ փորձագետները մտավախություն ունեն, որ նոր սպառազինության մշակման ընթացքում կարող է խախտվել միջուկային զենքի փորձարկման միջազգային արգելքը: Ռուսաստանի ռազմածովային նավատորմը մշակում է ստորջրյա անօդաչու սարք: Այն ստորջրյա պայթյունների եղանակով պետք է ցրի ռադիոակտիվ մասնիկների ամպերը, որոնք խոշոր քաղաքը կարող են դարձնել անմարդաբնակ»,- գրում են լրագրողները:
Թերթի տվյալներով՝ չինական բանակն անցկացնում է նորարարական մարտագլխիկի, այսպես կոչված, «հիպերձայնային սավառնող սարքի» դաշտային փորձարկումները: «Մարտագլխիկը դուրս է բերվում տիեզերք ավանդական հեռահար հրթիռի միջոցով, այնուհետեւ մանեւրում է՝ տեղաշարժվելով վայրկյանում ավելի քան 1 մղոն արագությամբ: Հակահրթիռային պաշտպանությունն այս դեպքում, հավանաբար, անզոր կլինի: ԱՄՆ-ն իրականացնում է իր հիպերձայնային զենքի դաշտային փորձարկումները: Արդիականացման գործընթացի շրջանակներում Օբամայի վարչակազմը նախատեսում է նաեւ բարելավել 5-րդ դասի միջուկային սպառազինությունը, որոնք կբարելավեն հետեւող միջոցների համար անտեսանելիությունը եւ հարվածների ճշգրտությունը»,- ասվում է հոդվածում:
«Մոսկվան եւ Պեկինը, վերլուծաբանների խոսքերով, փորձարկում են տիեզերական սպառազինություն, որն ունակ է խոցել ամերիկյան ռազմական արբանյակները միջուկային պատերազմի սկզբում: Ի պատասխան, Վաշինգտոնն արձակում է դիտորդ-արբանյակներ, որոնց հիմնական խնդիրը հակառակորդի նման հարձակումների իրականացմանը խոչընդոտելն է: Օբաման ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահն է, ով հայտարարել է, որ միջուկային զինաթափումն Ամերիկայի պաշտպանական քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկն է: Ռուսաստանը սկզբում սկսեց համագործակցել եւ 2010 թվականին ստորագրեց ՍՆՎ-3 պայմանագիրը: Նույն տարում Օբաման կատարեց եւս մեկ խաղաղասեր ժեստ՝ հրահանգեց նվազեցնել ամերիկյան հրթիռների մարտագլխիկների քանակը: Մոսկվան չկատարեց պատասխան քայլը: Ընդհակառակը, թանաքը դեռ չէր չորացել պայմանագրի վրա, իսկ Ռուսաստանն արդեն սկսել էր տեղակայել նոր սերնդի հեռահար հրթիռներ՝ փոքրացված մարտագլխիկներով: ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Ջ. Փերին մտավախություն ունի, որ Մոսկվան շուտով դուրս կգա 1996 թվականի միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրից»,- գրում է թերթը:
«Ես վստահ եմ, որ նրանք աշխատում են նոր ռումբի վրա, ես վստահ եմ, որ նրանք խնդրում են փորձարկումներ իրականացնել: Ամեն ինչ կախված է Պուտինից»,- հավելել է Փերին:
«Ամերիկյան միջուկային ծրագրի արդիականացման ջատագովները նախագիծն անվանում են ողջամիտ պատասխան Պուտինի ագրեսիային` հատկապես 2014 թվականի ղրիմյան գործողությանը: Սպիտակ տունն աջակցել է թեւավոր հրթիռի մշակմանը, որը պետք է շատ ցածր թռչի՝ խուսափելով հակառակորդի ՀՕՊ-ից: Նկարագրելով միջուկային ոլորտի նախագծերը՝ Պենտագոնը այդ թեւավոր հրթիռը եւ հարակից միջուկային սպառազինությունները բացահայտ անվանում է Արեւելյան Եվրոպայում «ռուսական ագրեսիայի դիմակայության» միջոց»,- ասվում է հոդվածում:
«ԱՄՆ-ն նաեւ մշակում է հիպերձայնային մարտագլխիկ՝ հուսալով դա անել ավելի շուտ, քան Պեկինը: Իրականացվում է Օբամայի խոստումը` քիչ ապավինել միջուկային զենքին: Բայց թերեւս դա կստիպի հակառակորդներին, ովքեր չունեն նման տեխնոլոգիաներ, ավելի մեծ շեշտադրում կատարել իրենց միջուկային զինանոցների վրա: Ըստ վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի ձեռքբերումներից ավելի շատ մտահոգված է Չինաստանը, որի միջուկային զինանոցը շատ հեշտ է ոչնչացնել կանխարգելիչ հարվածների միջոցով»,-գրում է ամերիկյան պարբերականը:
Աղբյուր` The New York Times
Թարգմ.` Տիգրան Գասաբյան