Լե Պենը Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները հիմարություն է անվանել

«Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները հիմարություն է անվանել։
Այս մասին նա ասել է Adevarul ռումինական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
«Հակառուսական պատժամիջոցները հիմարություն են։ Ես բազմաբեւեռ աշխարհի կողմնակից եմ»,- ասել է ծայրահեղ աջակողմյան հայացքների հարող քաղաքական գործիչը։
Լե Պենը նշել է, որ ԵՄ-ն պետք է կարգավորի հարաբերությունները Մոսկվայի հետ։
«Ես կարծում եմ, որ Եվրամիությունը ԱՄՆ ցուցումով արդեն քանի տարի «սառը պատերազմ» է վարում։ Դա չի բխում ԵՄ աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերից։ Մենք պետք է կարգավորենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Խոսքը ոչ թե ենթակայության, այլ հավասարության եւ հարգանքի հարաբերությունների մասին է»,- նշել է Լե Պենը։
Բացի այդ, նա Եվրամիությանը մեղադրել է անդամ երկրներին ինքնությունից զրկելու քաղաքականության մեջ։ Քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ-ն «շանտաժի» է ենթարկում ազգային պետություններին՝ սպառնալով զրկել ֆինանսավորումից, եթե նրանք ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը չհամապատասխանող որոշումներ ընդունեն։