Հանճարեղ հայ, ում անունը տիեզերքում է`մոլորակի տեսքով

Նախորդ դարի մեծագույն գիտնականների շարքում իր ուրույն տեղն ունի հռչակավոր հայազգի աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նա ծնվել է 1908թ.-ին Թբիլիսիում, Լենինգրադի համալսարանում հիմնել է առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը: Խորհրդային շրջանի ամենահայտնի գիտնականներից է. երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Սոցիալիստական Աշխատանքի Հերոսի կոչման: Այսօր էլ նրա անունը շրջանառվում է միջազգային գիտական հեղինակավոր ասպարեզներում:
Օրերս Մոսկվայում կայացավ Յուրի Շահբազյանի հեղինակած`մեծանուն գիտնականի կյանքն ու գործունեությունը ներկայացնող գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Վիկտոր Համբարձումյանի հարազատներն ու ընկերները: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ԳԱԼԱ-ի նկարահանող խումբը:
Հայազգի մեծանուն աստղաֆիզիկոսի մասին գրքի շնորհանդեսն անցկացվեց Մոսկվայի ազգությունների տանը: Ներկա էին գիտնականի ընտանիքի անդամները, դուստրը, ծոռները, նաեւ գործընկերներն ու երիտասարդ գիտնականներ, որոնց համար Վիկտոր Համբարձումյանն անվիճելի հեղինակություն է:
Վ. Համբարձումյանը հայտնաբերել է նոր տիպի աստղային համակարգեր։ Դա հեղաշրջում էր տիեզերաբանության մեջ, քանի որ այստեղից հետևում էր, որ աստղերի առաջացման գործընթացը Գալակտիկայում շարունակվում է նաև ներկայումս ։ Աստղասփյուռների հայտնաբերման և հետազոտության համար 1950 թ.-ին Համբարձումյանը պարգևատրվեց երկրորդ Ստալինյան Մրցանակով։
Միջոցառման մասնակիցները նշեցին, որ համաշխարհային հռչակ ձեռք բերած գիտնականի ջանքերով, Հայաստանում աննախադեպ տեմպերով զարգանում էր գիտությունը` մասնավորապես աստղագիտությունը, եւ փոքրիկ Հայաստանը լավագույն գիտական կենտրոնի համբավ էր ձեռք բերել Խորհրդային Միությունում եւ աշխարհի տարբեր երկրներում:
Բժշկական գիտությունների դոկտոր Նորա Գրիգորյանի խոսքերով, Վ. Համբարձումյանին Հայաստան հրավիրել էր մեկ այլ նշանավոր գիտնական, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին:
Դմիտրի Պերմինովը Վ.Համբարձումյանի ծոռն է: Նա, ԳԱԼԱ-ի լրագրողների հետ զրույցում, հպարտությամբ եւ խորն ակնածանքով է խոսել իր տատի հոր մասին: Ի դեպ, Վիկտոր Համբարձումյանը նաեւ կտակ-խրատ է թողել իրենից հետո, որը հայրենասիրության լավագույն օրինակ է: Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը,-նշել է մեծանուն գիտնականը: Նրա կտակը փաստորեն ծոռներից մեկին չի հասել, սակայն նշենք, որ Դմիտրին, թեեւ հայերենին չէր տիրապետում, այնուամենայնիվ աչքի էր ընկնում հայերի եւ հայկական իր արմատների նկատմամբ մեծ հարգանքով:
Միջոցառման մասնակիցների խոսքերով,Վիկտոր Համբարձումյանը հայ ազգի դեսպանն է եղել ամբողջ աշխարհում: Նրա անունը պետք է հավերժացնել ոչ միայն գրքեր հրատարակելով, այլեւ ֆիլմեր պատրաստելով եւ տարբեր միջոցառումներ կազմակերպելով, չէ որ Համբարձումյանը բացառիկ այն հայերից է, ով անգամ կենդանության օրոք ունեցել է իր անունով մի ամբողջ մոլորակ:
Էդուարդ Մխիթարյան
ՌԴ, ք.Մոսկվա