Նորություններ

Հրապարակվել են Boeing-ի օդաչուների բանակցությունները Դոնի Ռոստովի դիսպետչերների հետ

DonDay.ru պարբերականը հրապարակել է Դոնի Ռոստովի օդանավակայանի դիսպետչերների և այս գիշեր նույն օդանավակայանում վայրէջք կատարելու ընթացքում կործանված Flydubai ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռի օդաչուների միջև բանակցությունների աուդիո ձայնագրությունը։

Լրատվամիջոցի տրամադրության տակ են հայտնվել վայրէջքի պատրաստվող ինքնաթիռների (ներառյալ՝ Boeing 737-800-ինը) օդաչուների և դիսպետչերների բանակցությունները՝ FlyDubai ընկերության ինքնաթիռի կործանումից րոպեներ առաջ:

Բանակցությունների սկսվելու պահին Boeing-ը եղել է մոտ 1500 մետր բարձրության վրա։ Մինչև վայրէջքը նրան մնացել է մի քանի րոպե: Ո՛չ օդաչուի, ո՛չ երկու դիսպետչերների ձայնում տագնապ չի նկատվում: Նրանք քննարկում են վայրէջքի տեխնիկական մանրամասները:

Բանակցություններից հետևում է, որ օդաչուները չեն հաղորդել ինքնաթիռում որևէ անսարքության մասին, և թռիչքն անցել է նորմալ ռեժիմով՝ մինչ վթարի պահը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները: Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։

artsakhpress.am

Back to top button