ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Boeing-ը ներկայացրել է անօդաչու սուզանավ, որն ի վիճակի է ամիսներով մնալ ջրի տակ

Երբ լսում ես Boeing ընկերության մասին, առաջին բանը, որ գալիս է մտքիդ, դա ինքնաթիռներն են: Սակայն, փաստը մնում է փաստ, Boeing-ը զբաղվում է սուզանավերի մշակմամբ 1960 թվականից: Ընկերության ամենավերջին «ստորջրյա ստեղծագործությունը», որը կոչվում է Echo Voyager, ստեղծվել է, որպեսզի ամիսներ շարունակ գործի ջրի տակ լիակատար ինքնավարության պայմաններում:

15 մետր երկարությամբ Voyager-ը լրացնում է Boeing-ի սուզանավերի մոդելային շարքը, որն արդեն ներառում է երկու անօդաչու սուզանավ. 10 մետր երկարությամբ Echo Seeker-ը եւ 5 մետր երկարությամբ Echo Ranger-ը:

Իր «փոքր եղբայրների» նման, նոր սարքը նախատեսված է գիտական կամ ռազմական նպատակներով տեղեկություններ հավաքելու համար: Բայց կա մի կարեւոր տարբերություն. Voyager-ը նախատեսված է մի քանի ամիս տեւողությամբ առաքելությունների իրականացման համար, Seeker-ի եւ Ranger-ի աշխատանքային երկու կամ երեք օրվա ռեժիմի դիմաց: Սրան նպաստում է հիբրիդային վերալիցքավորվող էներգետիկ համակարգը:

Բացի այդ, Voyager-ին հատուկ նավ անհրաժեշտ չէ մեկնարկի համար: Անօդաչու սարքը կարելի է ուղարկել առաջադրանքների կատարման անմիջապես գործարանից կամ տեղակայման բազայից: Անհրաժեշտության դեպքում սարքն ինքնուրույն բարձրանում է ջրի մակերեւույթ կուտակված տեղեկությունները փոխանցելու համար:

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Back to top button