ՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Հանրապետության երկրորդ քաղաքը պետք է լինի բարեկարգ

Գյումրիի համակարգող կենտրոնի ներկայացուցիչները քաղաքի փողոցաշինության, բարեկարգման խնդրով դիմել են Սերժ Սարգսյանին, անձամբ նրան, ով խոստումներ է շռայլել գյումրեցիներին: Թե ինչ նպատակներ է հետապնդել Սերժ Սարգսյանը եւ նրա սպասելիքները Գյումրիից ինչ չափով են արդարացել, էական չէ: Էականն այստեղ այն է, որ Գյումրիի բազմաթիվ խնդիրներ հրատապ լուծում են պահանջում, իսկ բոլոր այն խոստումները, որոնք հնչել են հանրաքվեից առաջ կամ ընտրական գործընթացներից առաջ, հարկավոր է ի կատար ածել:

Գյումրիի Համակարգող կենտրոնի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը նշում է՝ արձանագրեցինք, որ Գյումրիում անիշխանություն է, որ որեւէ մեկը չի կարող Սերժ Սարգսյանից ստանալ գյումրեցիներին հուզող հարցերի պատասխանները, ուստի Համակարգող կենտրոնը կփորձի հարցադրումների պատասխանը ստանալ անձամբ Սերժ Սարգսյանից:

Արամ Խաչատրյանը շեշտում է՝ խնդիրը միայն խոստացված գումարը չէ, որ ծառայեցվելու է փողոցաշինության համար, դա ընդամենը մի փոքր մասն է գյումրեցիների խնդիրների, եւ եթե այդ գումարը լիարժեք ծառայեցվի փողոցների բարեկարգմանը, խնդրին լուծում չի տրվի ամբողջապես: Մեզ համար էականն այն է, որ հանրապետության երկրորդ քաղաքը պետք է լինի բարեկարգ: Թե ինչ ճանապարհով եւ ինչ միջոցներով կլուծվի այդ խնդիրը, իշխանությունների որոշելիք հարցն է:

Կենտրոնի երիտասարդ անդամների խոսքերով՝ ծանոթ լինելով նրան, թե ինչպես են Հայաստանում կազմակերպվում ընտրությունները, ինչ որակների տեր անձինք են ընտրություններից օր առաջ սկսում խոսել այն մասին, որ Գյումրին անուշադրության է մատնված, որ Գյումրիին պետք են գյումրեցիների խնդիրներով մտահոգ անձինք, հասկանալի է, որ ամիսներ անց դարձյալ ծանոթ իրադրության առաջ ենք կանգնելու: Սակայն բոլոր նրանք, ովքեր, այսպես ասած, վաղվա հետ կապված ինչ-ինչ պլաններ ունեն, պետք է օր առաջ սկսեն իսկապես աշխատել ի բարօրություն մեր քաղաքի, քանի որ ցանկացած մեկը, ով գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ կսկսի խոսել հիշյալ թեմաներով, գյումրեցիների կողմից առաջին քայլը, որ կարվի, նախորդ խոստումների համար հիշեցնելն ու պատասխան պահանջելը կլինի:

 Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button