Միջազգային

Էրդողանը զորք չի մտցնի Սիրիա. թուրք զինվորականները մերժել են նրան

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիա ներխուժելու ցանկությունն աջակցություն չի ստացել թուրք զինվորականների կողմից: Թուրքիայի ՊՆ-ից հայտնել են, որ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության Սիրիա մուտք չեն գործի: Արդեն խոսվում է Թուրքիայի քաղաքական ղեկավարության եւ զինվորականների հնարավոր դիմակայության մասին»,-գրում է REGNUM-ի հոդվածագիր Արիֆ Ասալիօղլուն:

 
«Երկրների առաջնորդները, որոնք «ահաբեկչության դեմ պայքարի իսլամական դաշինքի» անդամ են, իրար հերթ չտալով հայտարարում են, որ պատրաստ են Սիրիայի տարածքում ցամաքային ռազմական օպերացիա սկսել: Մարտակոչ հնչեցնողներին առաջնորդում է Սաուդյան Արաբիան: Նրանցից հետ չի մնում նաեւ Էրդողանը: Սակայն Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում զինվորականները հանդես եկան անակնկալ հայտարարությամբ»:

«Սիրիայի տարածք մուտք գործելու մասին հայտարարությունները, որոնք հայտնվել էին իշխանամետ լրատվամիջոցների եթերում եւ էջերում, հերքվեցին Թուրքիայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչների կողմից, ովքեր հայտարարեցին, որ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության չեն հատի սիրիական սահմանը»:

«Հաճախ կարելի է լսել փորձագետների կարծիքներն այն մասին, որ Էրդողանը մանրակրկիտ կերպով մաքրել է աշխարհիկ կայսրություն կառուցելու իր նախաձեռնությանը խանգարող քեմալական բանակը: Այժմ դեռեւս վաղ է հեռահար եզրահանգումներ անել քաղաքական ղեկավարության եւ զինվորականների միջեւ առկա տարաձայնությունների մասին. միգուցե Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հայտարարությունը ներքին առեւտրի բաղկացուցիչներից մեկն է»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝  REGNUM

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button