Ասադի ուժերը Ռուսաստանի աջակցությամբ ազատագրել են ամբողջ Լաթաքիան. BBC
Սիրիայի կառավարական ուժերը հայտարարել են Ռաբիա քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին՝ Լաթաքիա նահանգում ապստամբների կողմից պահվող վերջին բնակավայրի, հաղորդում է BBC-ն:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ վերջին չորս տարիների ընթացքում ապստամբների ձեռքում գտնվող Ռաբիան ընկել է սիրիական բանակի եւ ազգային աշխարհազորի բուռն գրոհի արդյունքում:
Լաթաքիա նահանգը համարվում է ալեւի համայնքի հենակետը, որի ներկայացուցիչ է նաեւ նախագահ Բաշար Ասադը:
ՌԴ զորքերն առանցքային դեր են խաղացել այս ճակատում սիրիական բանակի առաջխաղացման գործում: Դա հաստատում են Բրիտանիայում հիմնված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդի ներկայացուցիչները: Իրավապաշտպան այս կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը հայտնել է, որ նախագահ Ասադի ուժերը 48 ժամվա ընթացքում երեք կողմից շրջապատել են Ռաբիան՝ մինչ այդ գրավելով մոտակա մի քանի գյուղեր: Նրա խոսքերով՝ գործողության ընթացքում որոշիչ դեր են խաղացել ռուսաստանյան ավիահարձակումները:
Խորհուրդը հաղորդում է, որ իշխանամետ ուժերը ՌԴ զինվորականների եւ «Հեզբոլլահ» շարժման զինյալների աջակցությամբ գրավել են Դարվիշան եւ Ալ-Ռոուդա ավանները:
Ռաբիայի գրավումը սիրիական բանակին թույլ կտա վերահսկողության տակ առնել մատակարարման ուղիները, որոնք ապստամբներին կապում էին երկրի հյուսիսի հետ: Սա սիրիական հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունից ի վեր նախագահ Ասադի զորքերի հաջողված եւս մեկ ռազմական գործողություն էր: Մինչ այդ կառավարական զորքերն ապստամբներից ազատագրել էին ռազմավարական նշանակություն ունեցող Սալմա քաղաքը:
BBC-ի Մերձավոր Արեւելքի հարցերով խմբագիր Սեբաստիան Աշերը հայտնում է. «Ասադի ուժերը, որոնք փորձում են վերահսկողություն հաստատել ամբողջ Լաթաքիայում, եւս մեկ քայլ են կատարել դեպի իրենց նպատակի իրականացումը: Այս գործողության հաջողության մեջ որոշիչ գործոն է հանդիսացել ռուսաստանյան օդուժի աջակցությունը:
Կառավարական զորքերի վերջին հաղթանակները կսահմանափակեն ապստամբների հնարավորությունները, ովքեր այլեւս չեն կարողանա գնդակոծել նահանգի մայրաքաղաքը` Լաթաքիան: Այս հաջողությունը կարող է նախագահ Ասադի ուժերին հնարավորություն տալ մարտահրավեր նետել ապստամբների խմբավորումներին հարեւան Իդլիբ նահանգում»:
Աղբյուր` BBC
Թարգմ.` Տիգրան Գասաբյան