Զբոսաշրջության զարգացման ծրագրերն Արցախում

Ս.թ. դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի ամփոփիչ մամլո ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության ոլորտների զարգացմանն ուղղված աշխատանքները:
Անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների ոլորտին՝ Ս. Շահվերդյանը նշել է, որ չնայած բյուջեի սղությանը, այնուամենայնիվ ծրագրային միջոցառումները հիմնականում հնարավոր է եղել ավարտին հասցնել: Մասնավորապես, բյուջեի հաշվին իրականացվել են լայնածավալ հնագիտական պեղումներ Տիգրանակերտում, Ազոխի քարանձավում, Նոր Հայկաջուր համայնքի տարածքում գտնվող դամբարանաբլուրի վրա: Հուշարձանների վերականգնման ոլորտում իրականացվել են «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի ցանկապատման, Ամարաս վանքի Սբ. Գրիգորիսի նորահայտ դամբարանի ծածկի տեղադրման աշխատանքները:
Վերականգնման աշխատանքներ իրականցվել են նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ: Այսպես, «Արևելյան Պատմական Ժառանգության Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում վերականգնվում է Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցին և իրանական մասնագետների միջոցով իրականացվում է Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման նախագծերի մշակումը:
Բարերարների կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին սկսվել են Հադրութի շրջանի Կատարո վանքի վերականգնման աշխատանքները, ինչպես նաև իրականացվել են Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու ներսի պատերի մաքրման աշխատանքները՝ իտալացի մանսագետների ուժերով:
Ներկայացնելով զբոսաշրջության ոլորտը՝ Ս. Շահվերդյանը հայտնել է օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի 13 տոկոս աճի մասին, ինչը հուսադրող է, հատկապես նախորդ տարվա 11 տոկոս նվազեցման ֆոնին: Արցախի զբոսաշրջային բարենպաստ նկարագրի ձևավորման ու հանրահռչակման նպատակով ԼՂՀ-ն հիմնականում մասնակցել է ՀՀ-ում տեղի ունեցող խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներին, փառատոններին ու ֆորումներին:
Բացի այդ, Մոսկվայում տեղի ունեցած Արցախյան օրերի շրջանակներում կազմակերպվել է ՌԴ զբոսաշրջային ընկերությունների հետ հանդիպում, որի ընթացքում ներկաներին հանգամանորեն ներկայացվել է ԼՂՀ զբոսաշրջային ոլորտը, Արցախը զբոսաշրջային փաթեթներում ընդգրկելու առավելությունները և այլն:
Արցախի զբոսաշրջային ներուժը լայնորեն ներկայացվել է նաև եվրոպական մամուլում. հոդվածներ են հրապարակվել իտալական Կոռեռա Դելա Սեռա պարբերականում, գերմանական Die Welt և բրիտականան Wanderlust ինֆորմացիոն կայքերում: Կազմակերպվել են նաև եվրոպական մի շարք հեռուստաընկերությունների նկարահանումներ Արցախի զբոսաշրջավայրերի մասին:
Ծրագրային միջոցառումների արդյունքում, ինչպես արդեն նշվել է, գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի զգալի աճ: Բացի այդ, երկարացել է զբոսաշրջիկների գիշերակացի միջին տևողությունը՝ մինչև 4-5 օր:
Կարևորելով զբոսաշրջության դրական ազդեցությունը ԼՂՀ սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի զարգացման վրա՝ Ս. Շահվերդյանը վստահեցրել է, որ հաջորդ տարի շարունակվելու են Արցախի՝ որպես գրավիչ ու ապահով երկրի իմիջի ձևավորումն ու տարածումը թիրախային շուկաներում: