ՆորություններՏնտեսական

2016-ին Հայաստանի ժողովուրդն ավելի վատ է ապրելու, քան աշխարհի որեւէ այլ երկրում

Այս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության ոլորտում կատարված զարգացումները ցույց տվեցին, որ 2016 թվականին մեր երկիրն ամբողջ աշխարհում ավելի վատ զարգացման տեմպեր է գրանցելու, համոզված է փորձագետ Արտակ Մանուկյանը:

Նրա կարծիքով միայն արտաքին մարտահրավերների, իսկ ավելի կոնկրետ ՌԴ տնտեսական խնդիրների պատճառով չէ, որ հայաստանյան տնտեսությունը հասել է այս իրավիճակին:

«Չէ՞ որ կա նաեւ ներքին արդյունավետություն, դու պետք է ինչ-որ մի քայլ անես, օրինակի համար տնտեսության մոդել փոխես, ինչը մենք նկատում ենք, որ կառավարությունը չի անում: Բացի այն, որ տարատեսակ դրամաշնորհներ է վերցնում, իբր թե բարեփոխումների համար, բայց տնտեսական առումով որեւէ իրական փոփոխություն չկա: Մենք վերցնում ենք դրամաշնորհներ, մեր ապագա սերունդներին ահագին պարտք ենք փոխանցում, որ իրենք վճարեն, բայց փոխանակ ապահովեն կայուն երկարաժամկետ տնտեսական զարգացման մոդել, որեւէ բան չի արվում»,- նշեց Արտակ Մանուկյանը:

Ըստ փորձագետի՝ ստացվում է, որ Հայաստանը տարիներ շարունակ վարկեր է վերցնում, ավելացնում արտաքին պարտքը, որի հաշվին իբր թե տնտեսությունը պետք է զարգանա, սակայն պատկերը մնում է այսպիսին, 2016-ին Հայաստանի ժողովուրդն ավելի վատ է ապրելու, քան աշխարհի որեւէ այլ երկիր. «2016 թվականին միջինում կանխատեսվում է 3,5 տոկոս աճ տնտեսական, հիմա մենք վերցնում ենք վարկեր, օրինակ, Եվրասիական բանկից, որոնք ուղղվում են տնտեսության խթանմանը, զարգացմանը, համենայնդեպս թղթի վրա այդպես է գրված, հարց է ծագում. այն երկրները, որոնք որ չեն վերցնում վարկերը, նրանք միջինը 3,5 տոկոս աճ ինչպե՞ս են գրանցում: Եվ հետո, եթե մենք վերցնում ու ուսումնասիրում ենք գլոբալ առումով մարտահրավերները, մենք պետք է հասկանանք, որ մեր տնտեսությունը, մեր կառավարությունն ասում է՝ ունենք գիտելիքահեն տնտեսություն, այսինքն մարդկային կապիտալ, ենթադրենք ունենք, այդ գիտելիքահեն կապիտալը, այդ նույն հանգամանքը, որ մեր երկրում, օրինակ, հատույցը, կապիտալից հատույցն ավելի բարձր է, այսինքն դու 100 դոլար ներդնես տնտեսությունում, հնարավորություն տա ստանալ 110 դոլարի եկամուտ, այսինքն 10 տոկոս շահութաբերություն: Զարգացող երկրները, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, իրենք պետք է ավելի արագ աճի տեմպեր ապահովեն, քան զարգացած երկրները, ինչի՞, քանի որ իրենք ունեն չօգտագործված արտադրական եւ մարդկային պոտենցիալ, իսկ զարգացած երկրներն արդեն իսկ ռեսուրսների ու կարողությունների առումով եկել առավելագույնի են հասել, իրենց համար շատ ավելի դժվար է երկնիշ տնտեսական աճեր գրանցել: Բայց նույնիսկ այս պայմաններում մենք համեմատվում ենք աշխարհի միջինի հետ, այսինքն մենք, զարգացող երկիր լինելով, չենք էլ փորձում մրցակցության միջավայր մտնել: Սա գլոբալ առումով նշանակում է տնտեսության մրցունակության կորուստ»,- նշեց մեր զրուցակիցը:

Արտակ Մանուկյանը համոզված է, որ այլեւս վիճակագրությունով էլ հնարավոր չի լինի կոծկել իրավիճակն ու դրական պատկեր նկարագրել:

Մանրամասները՝ Chapchemical.am-ում

Հերմինե Մկրտչյան

Back to top button