Նորություններ

Ես վախենում եմ. Հրանուշ Խառատյան

Նախախորհրդարանն այսօր Ազատության հրապարակում հրավիրել էր հերթական քաղաքացիական ժողով-քննարկում: Քննարկման սկզբում Նախախորհրդարանի անդամ, «Սարդարապատ» շարժում նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը ողջունելով ներկաներին հայտարարել է, որ երկու շաբաթը մեկ իրենք հրավիրելու են նմանատիպ քննարկումներ, որը անվանում են խորհուրդ: «Մենք միասին փորձելու ենք քննարկել, վերլուծել  այս երկու շաբաթվա ընթացքում  տեղի ունեցած իրադարձությունները: Կներկայացնենք ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ հստակեցումներ: Մենք այս ընթացքում ստացած մի քանի հարցի կպատասխանենք, ապա խոսքը կտրամադրվի ձեզ, որից  հետո մենք կանդրադառնանք հասարակության հետ կնքվելիք պայմանագրին»,- ասել է Տիգրան Խզմալյանը: Ըստ նրա՝ այն հեղափոխությունը, որ անում է Նախախորհրդարանը, մշակութային է:

Ապա խոսքը տրվել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանին: «Իշխանությունները վերարտադրվում են, և ամեն անգամ վերարտադրվելուց հետո իրավիճակը ավելի ու ավելի է վատանում: Օր չի անցնում, որ ինձ չմոտենան մարդիկ և չհարցնեն, թե՝ դուք չե՞ք վախենում: Այո,  վախենում եմ իմ կյանքի, իմ ընտանիքի համար: Բայց այսպես վախենալով ապրել այլևս պետք չէ: Երբ մի քաղաքական ուժ մոնոպոլիզացնում են, դրանից լավ ակնկալիքներ չեն կարող լինել»,- ասել է Հրանուշ Խառատյանը: «Մենք մեր երկրում ապրելու փոխարեն գերադասում ենք աքսորը, սա է մեր քսան տարվա ձեռքբերումը»,- ասել է ազգագրագետը:

Ըստ ազգագրագետի՝ այս երկու շաբաթվա ընթացքում արձանագրված կարևոր իրադարձություններից է Սյունիքի մարզում հնչած կրակոցները, որը Հայաստանում առկա անպատժելիության մթնոլորտի հետևանքն է:

Հրանուշ Խառատյանը խոսել է նաև իշխանությունների կողմից Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու «պատրաստակամության» մասին՝ նշելով, որ հանկարծ որոշեցին օգնել նրանց, որը, իհարկե, հեռահար նպատակներ է հետապնդում: Ազգագրագետի գնահատմամբ  Հայաստանում որևէ դրական առաջընթաց չի արձանագրվել:

«Մեր վարչապետը ասաց, որ միայն մենք մեղավոր չենք, որ հասարակությունը դժգոհ է, այլ մեղավոր են նաև ընդդիմադիրները: Այս ելույթով, ըստ էության, Տիգրան Սարգսյանը փաստեց, որ իրենք չեն մեղավոր: Վարչապետն ասաց՝ մերոնք մեր պատճառով չեն գնում, այլ գնում են ձերոնք ձեր պատճառներով»,- եզրափակել է Հրանուշ Խառատյանը:

Փայլակ Ֆահրադյան

 

Back to top button
Close