Նորություններ

Բազմաբնակարան շենք` սիրիահայերի համար

«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամը սիրիահայ շուրջ 500 ընտանիքների համար բազմաբնակարան շենքեր կկառուցի: ԳԱԼԱ այս մասին տեղեկացավ հիմնադրամի անդամ Խաչիկ Ջոզիկյանից, ով նշեց, որ իրենք կառավարությունից նախնական համաձայնություն են ստացել. առաջին բնակելի շենքի համար տարածք կհատկացվի Դավիթաշեն վարչական շրջանում: Ջոզիկյանը նշեց նաև, որ հիմնադրամը կառավարությանը դիմել է շուրջ 700 սիրիահայերի դիմումների հիման վրա: Սակայն շենքի կառուցման ժամկետների մասին նա առայժմ հստակ ինֆորմացիա տալ չի կարող, քանի որ դեռևս շինարարական ծրագիրն ամբողջացված չէ: «Երբ արդեն ամեն ինչ հստակ կլինի, այդ ժամանակ առավել մանրամասն ինֆորմացիա կտրամադրենք»,- խոստացավ Ջոզիկյանը:

Իսկ օգնության կարիք ունեցող սիրիահայերը կարող են զանգահարել 098903388, 093131717 հեռախոսահամարներով կամ այցելել «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամ:

Արաքս Մամուլյան

Back to top button
Close