Նորություններ

«Իրենց հարցրեք, գուցե ասեն՝ էկել են ստեղ, որ ինչ անեն»

Կարողացել են արդյոք խորհրդարանը և այնտեղ ներկայացված պատգամավորները լուծել իրենց առջև դրված խնդիրները: Ո՞ր խնդիրներն են կարևոր և էական եղել: Այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանի հետ: Վերջինս նախ հայտնել է, թե առկա խնդիրները միանգամից լուծում չեն կարող ստանալ, ապա հավելել. «Այդ խնդիրները բազմազան են և բազմաթիվ: Բոլոր այդ խնդիրները մի նստաշրջանի ընթացքում լուծել հնարավոր չի լինի, ուղղակի դուք էլ տեսնում եք, որ բավականին ակտիվ աշխատում է խորհրդարանը, և պատգամավորներն էլ ակտիվ են, և օրենսդրական նախաձեռնություններով և ելույթներով և հայտարարություններով բազմաթիվ հարցեր են բարձրացվում խորհրդարանում: Առավել ևս այն հարցերը, որոնք որ մենք պետք է քննարկեինք և չենք հասցրել քննարկել ժամանակի առումով, դրա համար դուք էլ այսօր լսեցիք, որ երկուշաբթի օրվանից կառավարությունը որոշել է, որ Ազգային Ժողովն արտահերթ նիստ է գումարելու, և մնացած հարցերը մենք փորձելու ենք ավարտել այդ արտահերթ նստաշրջանի ընթացքում»:

Հարցին, թե խորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր ոչ մի ելույթ չեն ունեցել, ավելին, ոչ մի հարց և ազգաբնակչությանը հուզող խնդիր չեն բարձրացրել, երբևիցե հարցրե՞լ եք նրանց, թե՝ եկել եք խորհրդարան, որ ի՞նչ անեք, Խաչիկ Հարությունյանը տվել է հետևյալ պատասխանը. «Դուք հարցը տվեք իրենց, ասեք՝ եկել եք, որ ի՞նչ անեք, և իրենք էլ երևի ձեզ կպատասխանեն, թե եկել են, որ ինչ անեն: Ես չեմ կարող ասել»:

Ըստ ՕԵԿ-ական պատգամավորի՝ իրենց խմբակցությունում բոլոր պատգամավորներն էլ ակտիվ աշխատում են: «ՕԵԿ-ն ունի վեց պատգամավոր, վեցն էլ բոլոր նիստերին մասնակցում են, յուրաքանչյուրն էլ իր հնարավորության չափով ակտիվություն ցուցաբերում է տարբեր ոլորտներում»:

Խաչիկ Հարությունյանի խոսքերով՝ հինգերորդ գումարման ԱԺ-ում քննարկված բոլոր հարցերն ու ներկայացված օրենսդրական նախաձեռնություններն էլ կարևոր էին:

Փայլակ Ֆահրադյան

Back to top button