Ադրբեջանի ղեկավարության եւ ԵԽԽՎ-ի «օճառային օպերաները»
Սարգսյան — Ալիեւ սպասվող հանդիպումը դեկտեմբերի 1-ին է, Փարիզում:
Հատկապես վերջին զարգացումներից հետո, երբ ԵԽԽՎ-ն երկու հակահայկական զեկույց է ընդունել, երբ ՌԴ լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկություններ որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու մասին, ի՞նչ նոր ակնկալիքներ կան սպասվող հանդիպումից եւ որքանո՞վ է այն կարեւորում ԼՂ կողմը:
Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նախ ասաց, որ որեւէ էական զարգացում տեղի չի ունեցել, եւ սպասվող հանդիպումն էլ կարեւոր է, բայց այնուամենայնիվ բեկումնային ոչ մի զարգացման չի հանգեցնի. «ԵԽԽՎ-ում այդ աժիոտաժն ավելի շատ խոսակցություն է, քան որեւէ ռեալ զարգացում: Սա որեւէ ձեւով չի կարող ազդել բանակցային գործընթացի կամ կողմերի ներուժի վրա: Սա ուղղակի սովորական շոու է, Ադրբեջանն այդ բեմականացումն իրականացնում է ԵԽԽՎ-ում»:

«Ուզում եմ հիշեցնել, որ նախկինում եւս եղել են նման բանաձեւեր, եւ ո՞վ է դրանք հիմա հիշում: Դրանք թաղված են շատ հաստ փոշու շերտի տակ: Ես ուզում եմ ասել, որ նույնը լինելու է այս զեկույցների հետ: Ինչ վերաբերում է գալիք հանդիպմանը, ապա ասեմ, որ ցանկացած հանդիպում մեզ համար խիստ կարեւոր է, բայց եւ մենք չենք սպասում այդ հանդիպումներից մեծ բեկում, որովհետեւ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռեւս լուծված չեն եւ հենց դրանք պետք է հանդիսանան բանակցային գործընթացում խնդրի լուծման հիմք: Նման հանդիպումները շատ կարեւոր են, որոնք նպաստում են խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Սա է այսօրվա դրությամբ գլխավոր գերխնդիրը եւ ոչ թե վերջնական կարգավորումը: Վերջնական կարգավորման մենք չգիտեմ երբ կհասնենք»,- ասաց Բաբայանը:
Ինչ մնում է հակահայկական զեկույցներին, որոնք ընդունեց ԵԽԽՎ, եւ սպասվում է, որ դրանք որպես բանաձեւ կմտնեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջան, պարոն Բաբայանին հարցրինք, թե եթե դրանք այդքան կարեւոր չեն, ապա ինչու է Ադրբեջանը միլիոններ ծախսում եւ ջանում, որ միջազգային այդ հարթակում այդ խնդիրները նման հնչեղություն ստանան:
Պատասխանն այսպիսին էր. «Նպատակը հետեւյալն է՝ Ադրբեջանի ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից: Իսկ այն, որ Ադրբեջանում խորը գործընթացներ են գնում, սա շատ պարզ է: Ձերբակալել են իրենց անվտանգության աշխատակիցների կեսին, բանակում էլ ինչ-որ 1937թ. գործընթաց է գնում, պետությունը ներքին բախումների առջեւ է, եւ այսպիսի շոուներն օճառային օպերաների նման բան են:
Խնդիրն այն է, որ սրանով ԵԽԽՎ-ն վերածվում է ինչ-որ մի արեւելյան շուկայի, որտեղ գլխավոր սկզբունքը չափվում է մանաթով կամ խավիարով: Սա շատ վատ է, բայց սա արդեն ԵԽԽՎ-ի խնդիրն է, որն իրոք մենք մտահոգված ենք, որովհետեւ ժողովրդավարությունը մեզ համար կարեւոր սկզբունք է, որը մենք ընտրել ենք գիտակցաբար, ոչ թե Ադրբեջանի պես, որ ամեն օր ոտնահարենք այդ սկզբունքները»:
Այնուամենայնիվ, որո՞նք պետք է լինեն հայկական կողմի ձեռնարկելիք քայլերը: ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն օրինակ գտնում է, որ բոյկոտը ծայրահեղ քայլ է: Դավիթ Բաբայանին հարցրինք՝ չարժե՞ արդյոք ծայրահեղ քայլերով պատասխանել, կամ, ասենք, բողոքի պաշտոնական նոտա հղել, այլ գործողություններ ձեռնարկել:
«Իհարկե տարբեր հնարավոր սցենարներ պետք է քննարկել: Բայց այն, որ ԵԽԽՎ-ն պետք է լսի մեր պաշտոնական տեսակետը, դա անկասկած:
Ի վերջո, այս քայլերը նախ վնասում են ԵԽԽՎ-ին. եթե նախընտրում են, որ այդ կառույցը դիտենք որպես շուկա, դա արդեն իր խնդիրն է»:
Բաբայանի խոսքերով՝ Արցախի դիրքորոշումը ջրամբարի վերաբերյալ շատ կառուցողական է եղել եւ շարունակում է այդպես մնալ:
«Կարող ենք եւ պատրաստ ենք Ադրբեջանին որոշ քանակությամբ ջուր տալ որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության երաշխիք, փոխարենը ստանալ այլ ապրանքներ: Մի քանի անգամ նման առաջարկ եղել է, բայց մերժում են իրենք: Ադրբեջանը, որ տարիներ շարունակ ջրային ահաբեկչություն է իրականացրել, 1990 թ.-ին թունավորել էին Ստեփանակերտի գետերից մեկը, որի հետեւանքով թունավորվել էին բոլոր կենդանիները, քաղաքի մարդիկ, նույնն անում է սեփական բնակչության նկատմամբ, հիմա էլ տարօրինակ այս աղմուկն է բարձրացրել»:
Արցախի նախագահի մամլո խոսնակը համոզված է, որ բացի ներքին լսարանին օճառային օպերաներով ապահովելուց Ադրբեջանի ղեկավարությունը նաեւ նման «խնդիրների» տակ միլիարդավոր դոլարներ է գրպանում՝ դրանք կիսվելով ԵԽԽՎ առանձին ներկայացուցիչների հետ.
«Փողերի լվացման մի ձեւ է, իբրեւ թե այդ կորուստներն «օկուպացիայից» կազմում է 800 մլրդ դոլար. դրանք այն փողերն են, որ Ալիեւի կլանը յուրացրել եւ շարունակում է յուրացնել: Հիմա թող փորձեն գտնել ինչ-որ մի կողմի, որի վրա պետք է դնել պատասխանատվությունը: Այնինչ այդ փողերն իրենց գրպաններում է, Էմիրաթներում ինչ-որ հյուրանոցների կառուցում են իրականացնում եւ տարբեր տիպի ներդրումներ, ինչ որ նրանք միշտ անում են»:
Քրիստինա Մկրտչյան