Ակտիվիստները հստակեցնում են. ոչ թե հրաժարական, այլ պաշտոնանկություն

«Հարկ եմ համարում նշել, որ մենք պահանջում ենք ոչ թե հրաժարական, այլ պաշտոնանկություն: Մեր պահանջը օրինական պահանջ է, և մենք առաջնորդվում ենք իրավունքի գերակայության սկզբունքով: Մեր պահանջի հիմնավորման կետերից մեկը հարիր վարքագիծն է քաղաքացիների նկատմամբ: Ի՞նչ է նշանակում, որ պաշտոնյան կարող է հայհոյել լրագրողին կամ մեկ այլ պաշտոնյա կարող է փորձել բախումներ հրահրել քաղաքացիների հետ, անպատվել և այլն: Վստահ եմ, որ մեր պահանջները կիրականանան»: Այսօր ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասում է անժամկետ նստացույցի դուրս եկած Վահագն Մինասյանը, ով ի դեպ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին այն մասին, թե արդյոք այս գիշեր էլ են իրենց նկատմամբ սադրանքներ կիրառել, քանի որ գտնում է, որ եթե անգամ այդպիսի երևույթներ կան, ապա դա երկրորդային խնդիր է և առավել կարևոր են իրենց պահանջները և իրենց պայքարը ծնող պատճառները: Վահագնը տրանսպորտի գնի թանկացման կասեցումը համարում է փոքրիկ հաջողություն պայքարի առաջին փուլի համար, որը առավել հատկանշական է իր հանրային կոնսոլիդացիայով խնդրի շուրջ: Ըստ նրա՝ այս պայքարում էականն այն էր, որ հանրությունը համախմբվեց մի խնդրի շուրջ և հասկացավ, որ կարելի է միասին համախմբվել և հաջողության հասնել այս տրամաբանությամբ:
Հարցին, թե արդյոք անժամկետ նստացույցի դուրս եկած տղաները այսօր էլ իրենց կողքին տեսնո՞ւմ են հանրությանը և զգում նրա աջակցությունը, Վահագնը պատասխանում է, որ տեսնում են և այն ջերմ մթնոլորտը, որ ստեղծվել էր մի քանի օր առաջ՝ տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարելու ընթացքում, երբ կանգառներում, փողոցներում ու առհասարակ ամենուրեք անգամ անծանոթ մարդիկ էին իրար տեսնելիս ողջագուրվում, քանի որ օրեր շարունակ միասին նույն նպատակին հասնելու համար էին պայքարել, պահպանվել է և դա շատ ուրախալի է: «Վստահ եմ, որ այդ դրական էներգիան շարունակվելու է պահպանվել և գնալով ավելի ու ավելի մեծանալու է»,- հավատացնում է Վահագնը, իսկ նրա ընկեր Սուրեն Սահակյանը շնորհակալություն է հայտնում այն մարդկանց, ովքեր ֆիզիկական ու բարոյական աջակցություն են ցուցաբերում իրենց և պատմում, որ իրենց համար այնքան սնունդ են տանում օրվա ընթացքում, որ ստիպված են լինում կեսը թափել, իսկ անցնող մեքենաների ազդանշաններն արդեն իսկ մեծ ուշադրության մասին են խոսում: Անդրադառնալով ակցիայի մակարդակին՝ Վահագնը նշում է, որ իրենց ակցիաները կոռեկտ էին, և շարժման մասնակիցները բոլորն էլ գիտակցում էին, որ պետք է զուսպ լինել: Իհարկե որոշակի հատվածներում բախումներ էլ են եղել, Վահագնը դա բացատրում է շատ պարզ տրամաբանությամբ. «Մարդ ենք, բոլորս էլ կարող ենք սխալվել: Մենք գիտակցում էինք, որ ոստիկանները նույնպես մարդիկ են, և ոստիկանին էլ է վերաբերվում այս խնդիրը»: Իսկ հարցին, թե արդյոք ոստիկանները հիմա հանդուրժո՞ղ են իրենց նկատմամբ, Վահագնը պատասխանում է, որ հանդուրժող պետք է լինի հանրությունը, այլ ոչ թե ոստիկանությունը, քանի որ ոստիկանը կոչված է ծառայելու հանրությանը:
Վահագնը և Սուրենը տալիս են յուրովի բացատրություններ այն հարցին, թե ինչու իրենց կողքին չկային կուսակցություններ: «Կուսակցություններ որպես այդպիսին չկային մեր կողքին և չդարձան լիդերներ, որի պատճառներից մեկն այն էր, որ հանրությունը քաջ գիտակցում էր, որ որևէ քաղաքական սուբյեկտ իրավունք չունի իր դրոշն առաջ տանել այս պայքարի մեջ և իր շահերը: Կապ չունի՝ մարդը այս կուսակցության, թե մեկ այլ կուսակցության անդամ է, քանի որ բոլորը համախմբվել էին մեկ խնդիր շուրջ և եթե այնուամենայնիվ կար դրոշ, ապա այդ դրոշը ՀՀ դրոշն էր ու ՀՀ քաղաքացու կոչումը: Կուսակցությունները չէին գիտակցում, թե ինչ է կատարվում, քանի որ մեր պայքարը վեր էր նրանց կուսակցական մտածելակերպից և այն, որ չհասկացան ու չխառնվեցին, դարձավ հաջողության գրավական: Ես հույս եմ հայտնում, որ այսուհետ ևս պրոցեսները կգնան կուսակցությունների համար անհասկանալի ձևով»:
Արաքս Մամուլյան