Սերժ Սարգսյանի իշխանության ընթացքում արտաքին պարտքը 1,5 մլրդ-ից դարձել է 5.6 մլրդ

ԱԺ քառօրյան շարունակվում է: Նիստի սկզբում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա շնորհակալություն հայտնեց պատգամավորներին բյուջեի համակողմանի և արդյունավետ քննարկում ապահովելու համար: ԱԺ նախագահը կառավարության ներկայացրած բյուջեն անվանեց «հնարավորությունների բյուջե» և հորդորեց կառավարության ուշադրության կենտրոնում պահել փոքր ու միջին ձեռնարկություններին.
«Իհարկե մենք հակված չենք այն մտքին, որ ձեռնարկվող քայլերը բավարար են բնակչության սոցիալական պայմանների շեշտակի բարելավման համար: Դա երկարատև գործընթաց է: Սակայն անժխտելի է իշխանությունների կամքը՝ առկախ խնդիրների պայմաններում քննարկել սոցիալական խնդիրների ընդլայնման հարցը»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հաջորդիվ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով խոսեց երկրի արտաքին պարտքի մասին: Պատմեց Բեռլինում կախված ցուցանակի մասին, որն անընդհատ ցույց է տալիս երկրի արտաքին պարտքի դինամիկան.
«Երկրի արտաքին պարտքն ամենալավ ցուցանիշն է, որը ցույց է տալիս տվյալ կառավարության ստեղծագործ կամ մսխող բնույթը: Եվ այստեղ այնքան էլ կարևոր չէ վարկի բացարձակ չափը: Հիմնական ցուցանիշը պարտքերի հարաբերակցությունն է ՀՆԱ-ի հետ, և 2-րդ ցուցանիշը՝ նրա արդյունավետությունը երկրի զարգացման համար: Ես ցույց տամ, որ մեր երկրի պարտքերն ամենևին ստեղծագործ չեն, այլ մսխող են և ոչ մի զարգացում չեն ապահովում, ընդամենը պարտքեր են կուտակում հետագա սերնդի համար: Թվերով. պետական պարտքը 2014 թվականին եղել է 4,4 մլրդ, 2015 թվականին դարձել է 5 մլրդ, հիմա սպասվում է 5.6 մլրդ: Արտաքին պարտքը աճել է 1,1 մլրդ-ով 2 տարվա ընթացքում՝ 3,7 մլրդ-ից հասնելով 4.8 մլրդ-ի: ԿԲ-ի պարտքը 440 մլն-ից հասել է 550 մլն-ի: Ներքին պարտքը 650 մլն-ից 747 մլն-ի է վերածվել: 2008 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում ՀՀ-ի արտաքին պարտքը եղել է 1,5-1,6 մլրդ, նայեք դինամիկան, մեկուկես միլիարդից ձեր իշխանության ժամանակ թիվը դարձել է 5.6 մլրդ: Միայն Հովիկ Աբրահամյանի իշխանության ժամանակ մեր պետական պարտքը մեծացել է 1,7 մլրդ-ով»,- հայտարարեց Արամ Մանուկյանը՝ ցուցանիշը համարելով վտանգավոր:
Հիշեցրեց ամռանը ԱԺ քվեարկությամբ հաստատված օրենքի փոփոխությունը, որի արդյունքում «Պետական պարտքի մասին» օրենքում պետական բառը փոխվեց կառավարականով, ինչը, ըստ Արամ Մանուկյանի, ԿԲ-ին թույլ տվեց առանց սահմանափակման վարկեր վերցնել, իսկ կառավարության համար նոր վարկեր վերցնելու հնարավորություն առաջացրեց:
Ապա Արամ Մանուկյանը ներկայացրեց կառավարության ռազմավարական ծրագիրն արտաքին պարտքի հետ կապված, համաձայն որի յուրաքանչյուր տարի 1 տոկոս պետք է նվազեր պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը.
«Սա սիրուն ծրագիր է, բայց իրականությունն այն է, որ այսօր ՀՀ-ի արտաքին պարտքը ՀՆԱ-ի հետ կապված կազմում է (եթե դոլարը հաշվում ենք 482, ինչպես բյուջեում է նախատեսված) 49,3 %: Այսինքն մենք վտանգավոր սահմանագծին ենք հասնում: Այսինքն ստացվում է, որ մի տարի առաջ դուք պռագնոզ եք արել այս ցուցանիշն իջեցնել 37 տոկոսի, բայց հիմա դարձել է 49 տոկոս: Այսինքն 12 տոկոս մեր պարտքը կառավարության նախատեսածից բարձր է»:
Արամ Մանուկյանը խոսեց նաև դեֆիցիտի մասին. այս և հաջորդ տարի այն կկազմի 191 մլրդ դրամ: Պատգամավորի հաշվարկներով այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ՀՀ արտաքին պարտքի արդյունքում ունի մոտ 1600 դոլարի պարտք: Իր ելույթն Արամ Մանուկյանն ավարտեց այսպես. «Սա ես համարում եմ մսխող բյուջե, մեր կառավարությունը մսխող կառավարություն է»:
Նաիրա Նալբանդյան