ՄեկնաբանությունՆորություններ

Երեւան, Գյումրի, Վանաձոր. հաշվառված քաղաքացիների թիվը սովորաբար աճում է ընտրություններից առաջ

Օրերս ԳԱԼԱ-ն ուսումնասիրություն էր կատարել Շիրակի մարզում բնակիչների թվի վերաբերյալ եւ հրապարակել, որ վերջին երեք ամսում Շիրակի մարզում հաշվառված բնակիչների թիվը, ըստ պաշտոնական թվային տվյալների համադրության, աճել է շուրջ 50 հազարով եւ կազմում է, ըստ պետական ռեգիստրի տվյալների, 298.860:

Բնակչության թվի աճը Շիրակի մարզպետարանում փորձում են բացատրել այսպես, որ մի դեպքում ներկայացվում են Շիրակի մարզում առկա բնակվողները, մյուս դեպքում՝ հաշվառվածները (այսինքն նաեւ նրանք, ովքեր ՀՀ-ում չեն, բայց գրանցումից դուրս չեն եկել)՝ միաժամանակ նշելով, որ այդ թվերի հեղինակը մարզպետարանը չէ:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ-ում ընտրացուցակները կազմում են պետռեգիստրի տվյալների համաձայն, որտեղ հաշվառված են նաեւ այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում չեն բնակվում, բայց գրանցումից էլ դուրս չեն եկել, ապա արդեն իսկ իրավունք ունենք ենթադրելու, որ բացակա, բայց պետռեգիստրում գրանցված այդ քաղաքացիները հենց նրանք են, որոնք չեն մասնակցելու ընտրություններին, բայց նրանց փոխարեն քվեարկելու են:

Սրանից զատ ժողովրդագետ Արտաշես Բոյաջյանը, ով ուսումնասիրել է ընտրություններից առաջ եւ հետո Հայաստանի քաղաքային բնակավայրերում բնակչության տեղաշարժերի վերաբերյալ պետական վիճակագրական ցուցանիշները, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ եթե անգամ համեմատում ենք միայն հաշվառված բնակիչների ցուցանիշները տարբեր տարիներին, ապա նկատելի տարբերություն կա:

Եվ դարձյալ նկատելի է, որ հաշվառված բնակիչները Շիրակի մարզում ավելացել են: Տենդենցը հետեւյալն է՝ ընտրություններից առաջ հաշվառվածների թիվն էականորեն աճում է, ընտրություններից հետո՝ նվազում: Նույնն այս անգամ է գրանցվել եւ ոչ միայն Շիրակի մարզում:

Արտաշես Բոյաջյան
Արտաշես Բոյաջյան

Եվ այսպես, Արտաշես Բոյաջյանը ներկայացնում է ՀՀ երեք խոշոր քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում միայն հաշվառված բնակիչների թիվը՝ տարբեր ժամանակահատվածներում:

Երեւան. ըստ ԱՎԾ տվյալների՝ հաշվառված բնակիչներ

2011թ.՝ 1 մլն 54.698

2012թ.՝ 1 մլն 127.300

2014թ.՝ 1 մլն 68.300

Երեւանցիների թիվը շեշտակի աճել է 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, 2013 թ.-ի (նախագահական ընտրություններ) պահպանվել է, 2014 թ.-ին դարձյալ նվազել է:

Գյումրի. ըստ ԱՎԾ տվյալների՝ հաշվառված բնակիչներ

2011թ.՝ 114.420

2012թ.՝ 149.500

2014թ.՝ 119.900

Գյումրեցիների թիվը շեշտակի աճել է 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, 2013 թ.-ի (նախագահական ընտրություններ) պահպանվել է, 2014 թ.-ին դարձյալ նվազել է:

Վանաձոր. ըստ ԱՎԾ տվյալների՝ հաշվառված բնակիչներ

2011թ.՝ 83.237

2012թ.՝ 104.900

2014թ.՝ 84.300

Վանաձորցիների թիվը շեշտակի աճել է 2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, 2013 թ.-ի (նախագահական ընտրություններ) պահպանվել է, 2014 թ.-ին դարձյալ նվազել է:

«Իրենց կարեւորությամբ երեք քաղաքների բնակչության թվի ուսումնասիրությունն այսպիսի պատկեր ունի: Այս բոլորը ԱՎԾ տվյալներն են, դրանք բոլորը պաշտոնական են: Իրենք իրենց տվյալները տվել են ու հիմա իրենց տվածի ձեռքը կրակն են ընկել: Թվային տվյալներն այսպիսի շեղում են տալիս»,- ասում է ժողովրդագետը:

Ժողովրդագետն, անդրադառնալով պետռեգիստրի վերջին տվյալներին, համաձայն որոնց Շիրակի մարզում հաշվառված բնակիչները շուրջ 298.860 են, ասաց, որ եթե իրականում ուզում ենք պարզել, թե այս թիվը որքանով են ուռճացրել, ապա պետք է հանել մարդահամարի տվյալները:

Շիրակի մարզ. ըստ մարդահամարի տվյալների

2001թ.՝ 283.389

2011թ.՝ 241.771

Ընդ որում, ըստ ժողովրդագետի, մարդահամարի տվյալները դարձյալ առկա բնակչության թվերը չեն, այլ մշտականը:

«Առկան ցույց է տալիս փաստացի եղած բնակչության թիվը, պաշտոնական տվյալներով 233 հազարն է Շիրակի մարզում: Բայց քանի որ դարձյալ պաշտոնական է այդ թիվը, ուրեմն դարձյալ այնքան արժանահավատ թիվ չէ: Լավագույն դեպքում պետք է այդ թվից հանել նաեւ արտագնա աշխատանքների մեկնողների թիվը, որը Շիրակի մարզում 50-60 հազարը ծածկում է:

Այդ դեպքում, կոնկրետ իմ հաշվարկներով՝ առկա բնակչության թիվը չի գերազանցի 170-180 հազարը»:

Ըստ Բոյաջյանի՝ պետռեգիստրի շուրջ 290.000 թիվը, որի հիման վրա կազմվելու են ընտրացուցակները, ամբողջովին օդից վերցված մտացածին թիվ է, եւ նպատակը մեկն է՝ գտնել միջոց, տարբերակ Շիրակի մարզում քվե ապահովելու համար:

«Մտավախություն ունեմ, որ այս անգամ կեղծիքը կհասնի գագաթնակետին: Թիվը նկարած է, երեւի Մուկուչյանն արդեն ունի՝ ինչքան են «այո»-ի կողմնակիցները»,- ասում է Բոյաջյանը:

 Քրիստինա Մկրտչյան

Back to top button
Close