Միջազգային մամուլի տեսություն

Չինաստանի անտեսանելի դերը սիրիական հակամարտությունում. Die Presse

«Ռուսաստանյան, իրանական եւ ամերիկյան զինատեսակներից հետո, Սիրիայում հանդիպում է նաեւ չինականը»,- Die Presse հանդեսում գրում է Մարլիս Կոստենհոֆերը:

«Հայտնի է, որ Պեկինը սիրիական կառավարությանը մինչ 2011թ.-ը մատակարարել է ՀՕՊ ռադարներ եւ հրթիռային տեխնոլոգիաներ: Փորձագետ Փիթեր Վեցերմանի խոսքերով, միայն անցյալ տարի Չինաստանը ռազմական տեխնոլոգիաներ է վաճառել 24 երկրների, եւ չինական զենքը կարող է միջնորդների միջոցով հայտնվել սիրիական հակամարտության կողմերի ձեռքում: Կասկած չկա, որ Չինաստանը զենք է մատակարարում Իրան: 2006թ.-ից այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո չինական զենքի արտահանման ծավալների մինչեւ 31%-ը բաժին էր հասնում Իրանին: Բացի այդ, Ասադի դաշնակից Իրանը չինական արտոնագրերով զենք է արտադրում եւ այն վաճառում   Սիրիային»,-գրում է հոդվածագիրը:

«Չինական զենքը Սիրիայում հիմնականում հայտնվում է շրջանցիկ ճանապարհներով: Այսպես, անցյալ տարի «Սիրիական ազատ բանակի» զինյալների ձեռքում էին հայտնվել չինական նոր զենիթա-հրթիռային FN-16 համակարգեր: Ասադի հակառակորդներն այն ձեռք էին բերել Քաթարի մաքսանենգներից, ովքեր կապեր ունեն Սուդանի կառավարության հետ: Այդ զենքը Սիրիա է տեղափոխվել Թուրքիայի տարածքով»,-պնդում է Վեցերմանը:

000cf1bdd03f105d04341f

«Սակայն սիրիական հակամարտությունում Չինաստանի ուղղակի ռազմական միջամտությունը քիչ հավանական է: Չինացի զինվորականներն արդեն իսրայելական եւ լիբանանյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, որ իբր Չինաստանը շուտով Սիրիայում մարտնչելու է ռուսաստանցիների հետ միասին, անհիմն են որակել:  Իսկ Չինաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ իր երկիրը չի միջամտելու Սիրիայի ներքին գործերին: Այնուհանդերձ, Չինաստանն անուղղակի ազդեցություն է գործում սիրիական ճգնաժամի վրա. 2011թ.-ից սկսած այդ երկիրը 4 անգամ արգելափակել է սիրիական վարչակազմի դեմ բանաձեւերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,-գրում է գերմանական պարբերականը:

Աղբյուր՝ Die Presse

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close