Արցախի ընդդիմադիր շրջանակները եւս «Ոչ»-ի կողմնակից են. Վահան Բադասյան

Արցախի քաղաքական շրջանակները եւս անհանգստացած են Հայաստանում սահմանադրական փոփոխություններ կոչվող գործընթացով եւ գտնում են, որ այն պարտադրված քայլ է Հայաստանի համար:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում արցախյան քաղաքական շրջանակների տրամադրությունները փոխանցեց ԼՂՀ քաղաքագետ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:
Ըստ նրա՝ Արցախում անհանգստացած են նաեւ քաղաքական իշխանությունները, սակայն նրանք, կախման մեջ գտնվելով ՀՀ իշխանություններից, լռում են: Իսկ պատճառն այն է, որ ըստ արցախցի գործչի՝ սահմանադրական փոփոխությունների հիմնական տրամաբանությունն այն է, որ Արցախի հարցը հայտնվել է վաճառասեղանին: Նոր սահմանադրությունից հետո առաջ կգա կոլեկտիվ, ընդհանուր պատասխանատվության հարց, եւ ոչ ոք ուղղակի պատասխանատվություն չի կրի Արցախի համար:
«Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների գերակշիռ մասը Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների կցորդներն են, ուստի նրանց այնքան էլ չի անհանգստացնում այդ հարցը, եւ նրանք կարծիք արտահայտելիս պարտադիր նայում են՝ հարցի շուրջ ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երեւանը:
Սակայն ես եւ Արցախում առողջ մտածող շատ ուժեր կիսում ենք այն մտահոգությունները, որ ունեն Հայաստանի «Ոչ»-ի ճակատում գործող ընդդիմադիր ուժերը:
Եվ գտնում ենք, որ նոր սահմանադրությունը պարտադրված փաստաթուղթ է հայ ժողովրդին, Հայաստան երկրին, որը պարզապես այսօր շատ թուլացած վիճակում է գտնվում Ս. Սարգսյանի մեղքով»:
Ըստ Բադասյանի՝ նոր սահմանադրությունը բխում է բացառապես մի խումբ մարդկանց շահերից. «Եվ ես կարծում եմ, որ այս դեպքում հայ ժողովրդի փրկությունը հենց «Ոչ»-ի մեջ է: Արցախում եւս ակնկալում ենք հայ ժողովրդի ողջամտությունը, որ «ոչ» ասեն: Այս սահմանադրությունը, համոզված եմ, որ չարիք է…
Բոլորն էլ անհանգստացած են, ի վերջո, երբ որ օղակը սեղմվի եւ ծայրահեղ քայլեր պարտադրեն Արցախին, ես համոզված եմ, որ այդ ժամանակ բոլորն էլ ոտքի են կանգնելու: Գյուղացին, բանվորը չեն հավատում, որ կարող են Արցախը վաճառել եւ ծախել, պետք է հիշեցնել, որ հենց այնպես չեն հանձնելու կամ ծախելու, այլ նման գործընթացներով են հանձնելու»:
Վահան Բադասյանի խոսքերով՝ դժվար է ասել ժողովրդի ինչ մասնակցություն կլինի, կամ ՀՀ քաղաքացիների քանի տոկոսը կմերժեն նոր փաստաթուղթը, բայց վստահ է, որ ազնիվ ու չպարտադրված քվեարկության դեպքում ՀՀ իշխանությունների նոր սահմանադրությունը մերժվելու է:
«Եթե վաստակավոր նկարիչ Մուկուչյանը չնկարի, ապա ՀՀ իշխանությունների նոր սահմանադրությունը չի անցնելու»,- ասաց Բադասյանը:
Քրիստինա Մկրտչյան