Միջազգային մամուլի տեսություն

«Ալ-Քաիդա»-ն պարգեւ է առաջարկում` ռուսաստանցի մեկ զինվորականի դիմաց 14 հզր. ֆունտ

«Սիրիայում «Ալ-Քաիդան» 14 հազար ֆունտ սթերլինգ պարգեւ է խոստացել ցանկացած ռուսաստանցի զինվորականի բռնելու համար, այն բանից հետո, երբ Ասադի ռեժիմն իր ազդեցիկ դաշնակցի աջակցությամբ ռմբակոծության ենթարկեց ապստամբական մի քանի շրջաններ»,- հաղորդում է The Times-ը:

«Պարգեւն առաջարկել է Սիրիայում «Ալ-Քաիդայի» «Ջաբհաթ ան-Նուսրա» ստորաբաժանումը՝ տեղադրելով հայտարարությունը պաստառների վրա եւ սոցիալական ցանցերում: Իդլիբի, Համայի եւ Հոմսի շրջաններում ռուսաստանյան օդային հարվածները շարունակվում են արդեն 6-րդ օրը, ինչին շուտով կհաջորդի ռեժիմի զորքերի կողմից հրետակոծությունը,իսկ դա իրենից ներկայացնում է լայնածավալ հարձակում ապստամբների վրա»,- ասվում է հոդվածում:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ օդային հարվածներն իրականացվում են «բարձր ճշգրտության» հրթիռներով եւ հերքել է մեղադրանքները, որ դրանք ուղղված են եղել խաղաղ բնակչության դեմ: Սակայն ըստ ականատեսների՝ առնվազն 50 քաղաքացիական անձ է զոհվել»,- նշվում է թերթում:

«Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Սիրիայում ռմբակոծությունների դրդապատճառն ահաբեկչության դեմ պայքարի իր ձգտումն է, մասնավորապես, ԻՊ-ի շարքերում կռվող Ռուսաստանի հազարավոր քաղաքացիների դեմ գործողությունը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով՝ Սիրիա եւ Իրաք են մեկնել մոտ 2 հազ. ռուսաստանցիներ՝ պայքարելու հանուն ԻՊ-ի: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի տվյալներով՝ մոտ 7 հազ. ծայրահեղականներ Մերձավոր Արեւելք են մեկնել Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններից»:

«Այնուամենայնիվ, Ռուսաստանի մասնակցությունը սիրիական պատերազմին կարող է հակառակ ազդեցությունն ունենալ՝ հաշվի առնելով այն, որ այդ ռմբակոծություններն ակտիվացնում են ծայրահեղականների կողմից նոր ուժերի հավաքագրման գործընթացը, ինչը հիշեցնում է «Ալ-Քաիդայի» զինյալների տրամադրություններն Աֆղանստանի պատերազմի ժամանակ, երբ Ուսամա բեն Լադենի հետեւորդներն օգնեցին երկրից դուրս մղել Կարմիր բանակը»,- գրում է թերթը:

Աղբյուր` The Times

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

Ավելին
Back to top button