ՄեկնաբանությունՆորություններՏնտեսական

Քանի աները կա…

Սկիզբը կարդացեք այստեղ:

Հայաստանում գործող բնապահպանների կարծիքով փոքր ՀԷԿ-երն այսօր դարձել են բարձր եկամուտներ ապահովող կառույցներ, որտեղ կենտրոնացած են բարձրաստիճան պաշտոնյաների շահերը: Փոքր ՀԷԿ նշանակում է բարձր գին, կայուն ֆինանսական միջոցներ: Նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք դրանցից մեկին՝ «Ձորագետ Հիդրո»-ին, որը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային եւ որը տարեկան խոշոր գումարներ է կորզում ՀԷՑ-ից միայն այն պատճառով, որ արհեստականորեն հենց իր համար ստեղծված արտոնյալ դաշտում է գործունեություն ծավալում:

Ինչպես հրապարակել ենք նախորդ հոդվածներում, այս ՀԷԿ-ի ակտիվները ՀՀ կառավարության 2002 թվականի որոշմամբ հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, երբ գերատեսչությունը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը:

Վերջինս հասցրեց այս ընթացքում ծանոթանալ ՀԷԿ-ի հզորություններին եւ պոտենցիալին: Նախագահի աթոռը զբաղեցնելով՝ Սարգսյանը ձեռնամուխ եղավ ավարտին հասցնել փաստաթղթային բոլոր ձեւակերպումները եւ «Ձորահէկը»-ը վերջնականապես «իրենցով անելու» գործընթացը:

«Ձորահէկ» ՓԲԸ կողմից գույքի օտարման խոշոր գործարք կնքելու հավանություն տալու մասին որոշումը կառավարությունը կայացրել է 2010 թվականի դեկտեմբերի 16-ին:

Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության կողմից 1660-Ն որոշմամբ թույլատրվեց ՀՀ ՊՆ-ին ՀԷԿ-ի գույքն օտարել «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին:

Այս արժեքավոր ՀԷԿ-ը Սերժ Սարգսյանի փեսան 2010 թվականին ձեռք բերեց շատ չնչին գնով: Գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն  գույքի օտարման ընդհանուր արժեքը կազմում է ընդամենը 3.600.000 դրամ (որից 600.000 դրամը` ավելացված արժեքի հարկն է) և ներառում է վաճառողին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կադաստրային արժեքը:

Ընդամենն այսքան գումար արժեցավ ավելի քան երկու տասնյակի հասնող շենք-շինություններ, կամուրջներ, բազմաթիվ սարքավորումներ, արտադրական գույք, տրանսպորտային միջոցներ, տնտեսական գույք, համակարգչային, գրասենյակային եւ տեխնիկական սարքավորումներ, հողամասեր (Օտարվող գույքի ցանկն՝ այստեղ):

«Ես միանշանակ գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, միակ եւ հիմնական մեղավորն առաջին հերթին մենք ենք, հետո նոր կառավարիչները: Պետք չէ այլ մեղավորներ փնտրել: Հայաստանի ոչ մի ստրատեգիական նշանակության օբյեկտ մենք իրավունք չունեինք հարյուր տոկոսով տալ ինչ-որ մասնավոր ընկերությունների: Ո՞վ է տվել իրենց այդ իրավունքը: Դա պատկանում էր մեզ յուրաքանչյուրիս, ՀՀ քաղաքացուն: Պետության սեփականությունը չէ, ոչ էլ էնտեղ նստած մարդկանց սեփականությունը, որ իրենք որոշեցին եւ վաճառեցին: Դա մեր բոլորի սեփականությունն էր: Այն ամենը, որ խայտառակ գործարքներով վաճառվել կամ նվեր է տրվել, կամ պարտքի դիմաց տրվել է չգիտեմ ում, պետք է հետ վերադարձվի եւ դառնա հանրային սեփականություն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը:

Նշենք, որ այս որոշումն իշխանական տարբեր օղակներ խմբակային կերպով վավերացրին՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյան, ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սարգսյան, ՀՀ բնապահպանության նախարարությունը «Ձորագետ Հիդրո»-ին տվեց ջրօգտագործման թույլտվություն, կառավարության որոշումից ընդամենը 4 օր անց ՀԾԿՀ-ն գործունեության լիցենզիա տրամադրեց այդ ընկերությանը՝ 15 տարի ժամանակով:

Ինչո՞ւ այդքան չնչին գներով օտարվեց գույքը, ո՞ւմ հաշվարկներով, ի՞նչ սկզբունքով …սրանք հարցեր են, որոնց իշխանական տարբեր օղակներ, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են այս խայտառակ գործարքին, դեռեւս հստակ պատասխաններ չեն տվել:

Հավելենք, որ «Ձորահէկ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերջնականապես լուծարվեց 2011 թվականի մայիսի 5-ին՝ ՀՀ կառավարության 546-Ա որոշմամբ: Սա արդեն իսկ անխուսափելի գործընթաց էր, քանի որ 2010 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ ամբողջ գույքը տրվել էր «Ձորագետ Հիդրո»-ին: Եվ այդպես էլ պատճառաբանեց պաշտպանության նախարարությունը, թե ինչու է նախաձեռնել լուծարման գործընթաց: Բացատրվեց, որ ողջ գույքը վաճառված է արդեն:

Երբ արդեն Սերժ Սարգսյանի ընտանիքի լիակատար սեփականությունն էր Ձորագետի հիդրոէլեկտրակայանը, լուծարման գործընթացից ընդամենը 4 ամիս անց ՀՀ կառավարությունը տվեց մյուս արտոնությունը, ինչպես արդեն նշել ենք նախորդ հրապարակման մեջ՝ «Ձորագետ Հիդրո»-ն դարձավ փոքր ՀԷԿ եւ սկսեց միլիոնավոր դոլարներ կորզել ՀԷՑ-ից:

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամ Լեւոն Գալստյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով Ձորագետի հիդրոէլեկտրակայանի պոտենցիալի եւ կառավարության որոշման վնասակարության մասին, նշեց.

«10 Մվտ-ից մինչեւ 30 Մվտ հատվածում ընկնող ՀԷԿ մենք էլ Հայաստանում չունենք, միայն Ձորահէկ-ն է: Ուրիշ ՀԷԿ չունենք, որ գտնվում է այդ ինտերվալում: Մնացած ՀԷԿ-երը կամ 10 Մվտ-ից փոքր են, կամ 30 Մվտ-ից ավելի: Հասկանալի է, որ ինչ-որ մեկն ուզեցավ, որ այդ ՀԷԿ-ը գործի բարձր տարիֆների տակ: Կառավարությունն այնպես է արել, որ փաստորեն ՀԷՑ-ը միայն այդ մի ՀԷԿ-ին 1,5 մլրդ. դրամ ավելի փող է վճարում: Քի՞չ փող է 1,5 մլրդ. դրամը: Ինչո՞ւ: Էականն այստեղ այն է, որ իմ գրպանից, Ձեր գրպանից, մյուսի գրպանից, ՀՀ բոլոր քաղաքացիների գրպանից տարեկան այդքան փող վճարվում է Ձորահէկ-ին՝ հատուկ կառավարության ընդունած որոշման արդյունքում: Մենք հասկանում ենք, որ պետք է խթանել այդ ոլորտը, բայց պետք է խթանել այնքան ժամանակ, մինչեւ ընկերությունը հետ վերադարձնի իր ներդրումները: Ներդրումները վերադարձնելուց հետո ինչո՞ւ ենք մենք շարունակում իրեն տալ այդ խրախուսական սակագինը, երբ որ ինքն արդեն ներդրում չունի անելու, միայն պետք է իր ընթացիկ ծախսերը հոգա, ինչո՞ւ պետք է խրախուսական սակագինը պահպանվի մինչեւ իր կյանքի վերջը, ինչո՞ւ համար են նման բան անում մեր «հրաշալի» կառավարիչները»,- նշում է աշխարհագրագետը:

«Դա այնքանով է վտանգավոր, որ իրենք ուղղակի աշխատում են ավելի շատ օգուտներ քաղել: Այդ ամեն ինչն արվում է, որպեսզի լրացուցիչ գումար կարողանան կորզել, ու դա ընդամենը մեկ հոգու գրպան է գնալու: Ես համոզված եմ, որ դրանից ոչ համայնքային բյուջեն է շահելու, ոչ էլ պետական բյուջեն: Ինչ-որ պաշտոնյաներ են դրանից օգտվելու: Դա էդպես է, այդ մի ՀԷԿ-ի համար է այդ որոշումը կայացվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Օրհուս» կենտրոնի փորձագետ Լիաննա Ասոյանը:

Ընդ որում, որպեսզի եկամուտները հանկարծ չպակասեն, խրախուսական սակագինը հաշվարկվում է արտարժույթով՝ «Եթե ԱՄՆ դոլարի գինը բարձրանում է, սակագինը դրամով բարձրանում է»:

«ԷկոԼուր» փոքր ՀԷԿ-երի գործունեության տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը միջազգային փորձն է մատնանշում, օրինակ է բերում. «Եվրոպայում ընդունված է մինչեւ 10 Մվտ սահմանել փոքր ՀԷԿ-ի հզորության վերին շեմ: Բոլորի համար էլ պարզ է, որ Ձորահէկ-ը միջին հզորության ՀԷԿ է»:

Ուշագրավ է նաեւ այն, որ բնապահպանները, չնայած ունեցած դժգոհություններին, պաշտոնապես չեն դիմել Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությանը, որ վերանայվի «Ձորագետ Հիդրո»-ին արված «նվիրատվության» հարցը: Դեռեւս գործող կառավարությանը պահանջ չի ներկայացվել, որ ուժը կորցրած ճանաչվի հատուկ «փեսայի» համար կայացված 2011 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը:

Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button