Պարզ է դարձել, թե ինչպես են ԱՄՆ Հատուկ ծառայությունները կարդում ուրիշների էլ. փոստերը

Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցի հետ կապված պատմությունները զարգանում են մեծ արագությամբ: Օգոստոսի 1-ին նա լքեց Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ գոտին` ստանալով համապատասխան փաստաթղթեր Ռուսաստանի Դաշնության դաշնային միգրացիոն ծառայություններից: Ընդ որում, ինչպես հաղորդում է Guardian լրատվականը, լրագրողները շարունակում են վերլուծել նրանց կողմից բացահայտված նյութերը:
Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցները գրում են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության այսպես կոչված Xkeyscore հատուկ ծրագրի մասին: Այս ծրագրի օգնությամբ ամերիկյան Հատուկ ծառայությունները կարող են հետևել ցանկացած տեսակի, գրեթե աշխարհի ցանկացած ծայրում գտնվող ցանկացած մարդու ինտերնետ ակտիվությունը: Xkeyscore ծրագիրը համարվում է յուրօրինակ բանալի ցանկացած մարդու էլեկտրոնային փոստի բացման համար, ինչպես նաև սոցցանցերի անձնական էջերում և սովորական ինտերնետ տիրույթում հասանելիության համար:
Ամենայն հավանականությամբ հենց այս ծրագրի մասին էր խոսում Էդուարդ Սնոուդենը` հավաստիացնելով, որ Ազգային անվտանգության գործակալությունում աշխատելիս նա կարող էր վեր հանել մարդու մասին ողջ ինֆորմացիան` միայն իմանալով տվյալ մարդու էլեկտրոնային հասցեն: Կարևոր է այն փաստը, որ Xkeyscore ծրագրից օգտվելու համար Հատուկ ծառայությունների աշխատակիցներից չի պահանջվում ոչ մի հատուկ պատվեր կամ թույլտվություն: Առանց որևէ դժվարության նրանք կարող են մուտքի թույլտվություն ստանալ տվյալների հսկայական բազա և դրանք օգտագործել անձնական նկատառումներով:
Xkeyscore ծրագրի օգնությամբ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցների ստացած ինֆորմացիան կարող է պահպանվել սերվերներում 3 օրից մինչև 5 տարի: Guardian լրատվականի լրագրողներին հաջողվեց հարց ուղղել ԱՄՆ հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին տվյալ ծրագրի գործածության օրինականության վերաբերյալ, որին և տրվեց հետևյալ պատասխանը. «Xkeyscore ծրագիրը օգտագործվում է բացառապես ի օգուտ ժողովրդի և նրա շահերը պաշտպանելու համար»:
Ինչպես պատմում են Guardian-ի աշխատակիցները` Ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչները վերջին 5 տարիների ընթացքում Xkeyscore ծրագրի օգնությամբ կարողացել են վնասազերծել 300 ահաբեկչի:
Հասմիկ Մանուկյան