Նորություններ

ԼՂ հակամարտությունը սառեցված չէ. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հակամարտող կողմերի հետ համընդգրկուն համաձայնագրի մանրամասների շուրջ, սակայն այս հարցն առաջին հերթին կախված է երկու երկրի նախագահների քաղաքական կամքից:

Այս մասին BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը` նշելով, որ ԼՂ հակամարտությունը սառեցված չէ:

Նա մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ավելացման առնչությամբ` ընդգծելով, որ անթույլատրելի է ծանր հրազենի կիրառումը: «Մենք մասնավորապես անհանգստացած ենք խաղաղ բնակչության շրջանում գրանցվող կորուստների առնչությամբ և կոչ ենք արել կողմերին ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը նման բռնությունը կանխելու համար: Հանուն իրադրության կայունացման` մենք շարունակում ենք քննարկումները վստահության ստեղծման և կողմերի միջև բանակցությունների ավելի կառուցողական մթնոլորտի համար»,- ասել է Ուորլիքը` ընդգծելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի հերթական նստաշրջանի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը նախ և առաջ քննարկվելու են լարվածության թուլացմանն ու հրադադարի ռեժիմի պահպանմանն առնչվող հարցեր:

artsakhpress.am

Back to top button