«Թալիբան»-ի զինյալները գրավել են բանտը՝ ազատ արձակելով շուրջ 400 կալանավորների

«Թալիբան» շարժման ահաբեկիչները գրոհով գրավել են աֆղանական Գազնի քաղաքի կալանավայրը՝ այնտեղից ազատ արձակելով հարյուրավոր բանտարկյալների, հաղորդում է Reuters գործակալությունը:
Գազնիի նահանգապետի տեղակալ Մոհամեդ Ալի Ահմադին հայտնել է, որ զինյալները զինվորական հանդերձանքով են եղել: Գրոհի ժամանակ սպանվել են 4 պահնորդներ, վիրավորվել են 7-ը: Զինյալները եւս կորուստներ ունեն: Ալի Ահմադիի խոսքերով, բանտից փախել են 352 կալանավորներ, որոնցից 150-ը թալիբներ են եղել:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդն իր հերթին հայտնել է, որ հարձակման ժամանակ սպանվել է 40 մարդ, որոնց մեջ կան աֆղանցի ուժայիններ եւ բանտապահներ: Ըստ Մուջահիդի, հաջողվել է ազատ արձակել 400 բանտարկյալների:
Շարժման գրոհայինները, որոնց թիվը հասնում է շուրջ 27 հզր.-ի, վերահսկում են Աֆղանստանի տարածքի 70 տոկոսը:
Աղբյուր՝ Reuters
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան