Նորություններ

«ՀՀԿ-ն դեմ է բռնությանը, բայց…»

Քիչ առաջ ավարտվեց  ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ քննարկել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, անդրադարձ կատարել նաեւ արտաքին քաղաքական հարցերի, ինչպես նաեւ առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Շարմազանովի խոսքով` իրենք խոսել են նաեւ սահմանադրական փոփոխություններից:

Լրագրողներից մեկի հարցին, թե անդրադարձ կատարվե՞լ է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի եւ Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ արձանագրված հերթական աղմկահարույց միջադեպերին, Է. Շարմազանովն արձագանքեց. «Ցանկացած բռնության  հետ կապված ՀՀԿ-ի կարծիքը չի փոխվել, ՀՀԿ-ն դատապարտում է, չի ընդունում բռնություն եւ դեմ է, բայց  կոնկրետ պարոն Սեդրականի եւ պարոն Հայրապետյանի հետ կապված ես ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական հնչեցնելուց, որովհետեւ մենք առայժմ խոսում ենք ենթադրությունների դաշտից»:

Ըստ Շարմազանովի, Սերժ Սարգսյանն իրավապահ մարմիներին խստորեն հրահանգել է  ուսումնասիրել երկու միջադեպերի հետ կապված մանրամասները, եւ ուսումնասիրությունից հետո այդ մանրամասները կներկայացվեն նաեւ հասարակությանը: ՀՀԿ մամլո խոսնակը նաեւ ասաց, որ դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում հսկողություն է սահմանել, եւ ինքը վստահ է, որ դատախազությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

Անդրադառնալով մարզահամերգային համալիրի վաճառքին, Շարմազամովն ասաց, թե գործարքը բավականին  լուրջ եւ դրական է: «Միեւնույն  ժամանակ համալիրը բոլորիս համար թանկ եւ կարեւորագույն կառույց է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար այդ կառույցի նկատմամբ ուշադրությունը  մեծ է, եւ դրանով եմ պայմանավորում մեր փորձագետների մտահոգությունները, բայց շատերն  ունեն ինֆորմացիայի պակաս, եւ  դա հանգեցնում է որոշակի շահարկումների»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը: Նա հայտարարեց, որ համալիրում կազինո չի լինելու:

Շարմազանովը նշեց նաեւ, որ նիստի ընթացքում կադրային որեւէ հարց չի քննարկվել, այդ թվում արդարադատության նախարարի պաշտոնի հարցը:

Փայլակ Ֆահրադյան

Back to top button