Նորություններ

«Զգուշավոր տրամադրություններ ներդրողների մոտ». բռնությամբ ստորագրել են տալիս պարտքի վերաբերյալ գրություն

Օգոստոսի 15-ին ծեծի էր ենթարկվել «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի բաժնետեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանը: Վերջինս հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառել ՀՀԿ անդամ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Արսեն Ավետիսյանի կնոջ՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակից տեղեկանում ենք, որ Արսեն Ավետիսյանից պահանջել են, որ նա ստորագրի մի գրություն, համաձայն որի Ռ. Հայրապետյանին գումար է պարտք:

Նման միջադեպերը հստակ ազդակ են օտարերկրյա ներդրողների համար և հակասում են կառավարության ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ հայտարարություններին:

«Ինքնին նման դեպքերը չեն կարող ներդրողի մոտ ունենալ սովորական ընկալում, մանավանդ, երբ դրանց առնչվում են մարդիկ, ովքեր հայտնի են, ովքեր իշխող կուսակցության ներկայացուցիչներ են, ովքեր իշխանության մերձավոր շրջանակի ներկայացուցիչներ են, այդ ամենը ներդրողի համար առաջացնում է զգուշավոր տրամադրություններ:

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Միևնույն ժամանակ կարծում եմ Հայաստանի հանդեպ ներդրողների հետաքրքրությունները այնքան փոքր են, և այդ մասին վկայում է նաև վիճակագրությունը, որ «նման մի դեպք ավելի կամ պակաս» չի անդրադառնա ներդրողների մոտեցումների վրա այդ մոտեցումների բացակայության պատճառով: Սա ընդամենը կամրապնդի նրանց՝ Հայաստան չգալու որոշումը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:

Հարկ է նշել, որ միջադեպից հետո նման վտանգի մասին էր խոսել նաև «Էյր Արմենիա» ավիաընկերության բաժնետեր (49%), East Prospect ներդրումային հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Բոբիլևը՝ մտահոգություն հնչեցնելով, որ հարձակումը վտանգում է այդ ավիափոխադրող ընկերության մեջ խոշորածավալ ներդրումներ անելու իր ծրագրերը, եւ որ այս միջադեպը հարցեր է առաջացնում՝ կապված Հայաստանում ավիացիայի հատվածում բիզնես ծավալելու անվտանգության հետ, ինչպես նաև վնասում է Հայաստանի իմիջը օտարերկրյա ներդրողների աչքում:

«Ցանկացած այսպիսի դեպք հարված է երկրի հեղինակությանը, եթե առավել ևս խնդիրը վերաբերում է տնտեսական բնույթի վեճերը հանգուցալուծելուն: Եթե խոսում ենք կոնկրետ դեպքի մասին, ես կասկածում եմ, որ այն կարող է օբյեկտիվ քննվել կամ բացահայտվել: Չկան լավի և չկան դրականի համակարգային փոփոխությունների օրինակներ, դրանք ընդամենը ժամանակի ընթացքում դրսևորվելու խնդիրներ են, մեկ կլինի, մեկ չի լինի, այսինքն եթե չկա փոփոխությունը դեպի դրականը, դեպի կոնկրետ հստակ համակարգային բարեփոխումներ, հստակ համոզիչ բարեփոխումներ, որ իսկապես արդարադատության համակարգ կա երկրում, և օրենքն է գերիշխում, և սեփականության օրենքով է պաշտպանվում, ոչ մի ներդրող էլ չի գա»,- ասաց Հակոբ Բադալյանը:

Նաիրա Նալբանդյան

Back to top button