«Տարբեր անձանց» շարքում քննիչները հանդիպե՞լ են Ռուբեն Հայրապետյանին

«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը դեռեւս գտնվում է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցում: Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն առևանգել են «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ու նրան ծեծի ենթարկել:
Ավիաընկերության սեփականատերը նշել է, որ Հայրապետյանի թիկնազորի անդամներն են իրեն ծեծել, և խոստացել է առաջիկայում այլ մանրամասներ հաղորդել տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջից, ստանալով Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը, կատարվել է դեպքի վայրի լրացուցիչ զննություն։ Գրություն է ուղարկվել բժշկական կենտրոն՝ պահանջելով տրամադրել Ա.Ավետիսյանի հիվանդության պատմագիրը եւ բժշկական հետազոտության արդյունքները (այդպիսիք ունենալու դեպքում)՝ դատաբժշկական փորձագետներին ներկայացնելու համար:
ԳԱԼԱ-ն ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից փորձել է պարզել, թե բացատրություններ վերցվե՞լ են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից եւ նրա թիկնազորի անդամներից:
«Ոստիկանությունում իրականացված հետաքննության շրջանակներում տարբեր անձանցից բացատրություններ վերցվել են։ Ներկայումս նյութերի նախապատրաստումը շարունակվում է եւ միջոցներ ձեռնարկվում են պարզելու Ավետիսյանի մատնանշած հանգամանքները, միջադեպին մասնակից անձանց շրջանակը»,- նշեց Սոնա Տռուզյանը՝ զերծ մնալով հստակեցնել, թե «տարբեր անձանց» շարքում քննիչները հանդիպե՞լ են այն անձանց, որոնց մատնանշել է տուժողը՝ մասնավորապես Ռուբեն Հայրապետյանին:
Սոնա Տռուզյանը նաեւ տեղեկացրեց, որ «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատերը հրաժարվել է բացատրություն տալ՝ առողջական վիճակի վատթարանալու պատճառով:
Այս գործով հիշեցնենք, որ դեռեւս չի հարուցվել քրեական գործ: Ոստիկանությունում իրականացվել է հետաքննություն եւ նյութերը դատախազությունն ուղարկել է քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ, 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստումը շարունակելու ցուցումով:
ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակն ավելի ուշ փոխանցեց, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ի թիվս այլ անձանց տվել է բացատրություն:
Արմենուհի Վարդանյան