«Եթե Սուրիկ Խաչատրյանին կարելի է, ինչո՞ւ Հայրապետյանին և Սեդրակյանին՝ ոչ»

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
-Տիկին Բախշյան, ՀՀԿ-ականներ Ռուբեն Հայրապետյանն ու Մհեր Սեդրակյանը հերթական աղմկահարույց միջադեպի կենտրոնում են հայտնվել: «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատիրոջ՝ Արսեն Ավետիսյանի պնդմամբ իրեն դաժան ծեծի են ենթարկել Հայրապետյանի թիկնապահները, իսկ Սեդրակյանի թիկնապահներն էլ, ըստ Ներազգային ազատագրական շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանի, իրեն են ծեծի ենթարկել: Տեղի ունեցած բռնություններին ի՞նչ գնահատական կտաք:
-Ասելիքը կարելի է և կարճ ձևակերպել, և երկար: Կարճ ասեմ՝ ամենաթողության, անպատժելիության հերթական դրսևորում մեր երկրում: Իսկ երկար, ուրեմն՝ թե բիզնես ունեցողներն են վտանգված մեր երկրում, թե չունեցողները, թե նրանք, ովքեր կարող են հարցեր լուծել, և նրանք, ովքեր չունեն: Մի երկրում, որտեղ օրենքն իշխանության գլխի վերևում լինելու փոխարեն ոտքի տակ է, ոտնակոխ են անում, ով պատահի, այս երևույթներն անխուսափելի կլինեն, և հասարակական կարծիքը, այս թուքումուրը, բոլորն ինչ-որ տեղ ինչ-որ ձևով արտահայտում է, ոչ մեկի վրա կարծես չի ազդում: Երբ հիշենք Ռուբեն Հայրապետյանի նախորդ հանցագործությունը՝ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունը, ինձ թվում էր, թե և նա, և իր թիկնազորը հիմա մտնեն այնպիսի տեղ, որ այլևս հասարակության երեսին չերևան, որովհետև դա այնքան վարկաբեկող երևույթ էր: Նույնը Թոխմախի Մհերը, նույնը Խաչատրյան Սուրենը: Բայց այս մարդիկ չեն ամաչում:
-Այսինքն անպատժելիությունն է նոր հանցագործություններ ծնում:
-Իհարկե, անպատժելիությունը և ոչ իրավական պետություն ունենալը: Հիմա տեսեք, քրեական գործ է հարուցվել թե «Էյր Արմենիայի», թե Թոխմախի Մհերի հետ կապված, և էլի լիքը քրեական գործեր կան հարուցված, բայց այդ քրեական գործերն այնպես են շրջանցվում, որ մարդիկ, ովքեր իսկապես մասնակցել են, պատվիրել են, չոր են դուրս գալիս, և դրա համար էլ հասարակության մեջ այդ անպատժելիության մթնոլորտը բերում է նրան, որ եղբայրը եղբորը կացնով սպանում է: Սրանք բաներ են, որոնք իրավական պետությունում անհնար է պատկերացնել, իսկ մեր երկրում նորմ է: «Ուժեղի» մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ ուժեղ են իրենց ապօրինություններով:
-Կարելի է ասել, որ հարուցված այդ քրեական գործերը կշարունակեն մնալ իրավապահների դարակներում այնքան ժամանակ, քանի դեռ չկա քաղաքական որոշում: Այսինքն Սերժ Սարգսյանն է որոշելու՝ կպատժվե՞ն Հայրապետյանն ու Սեդրակյանը:
-Ընդհանրապես այդպես է, հայտնի է՝ Բաղրամյան 26-ում որոշվում է ամեն բան, և կախված, թե այնտեղից ինչ հրահանգ կտան դատարանին: Հիմա այս պարագայում՝ «Էյր Արմենիայի» դեպքում Բաղրամյան 26-ն ամենաշատը պետք է անհանգստանա, որովհետև այն Հայաստանի դեմքն է օդում:
Անահիտ Բախշյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին ամբողջությամբ կարող եք հետևել «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում: