Նորություններ

«Թող ամբողջ աշխարհն իմանա, որ այստեղ ոստիկանները սևազգեստ մայրերի վրա ուժ են կիրառում». ծնողները կդիմեն ՄԻԵԴ

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է զոհված զինծառայողների ծնողներին մայիսի 13-ին բռնի ուժով նախագահականի մայթից մյուս մայթ տեղափոխած ոստիկանների նկատմամբ հարուցված քրեական գործը,  քանի որ, ըստ ՀՔԾ-ի, ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ։

Բանակում ծառայության ժամանակ մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝  Նանա Մուրադյանը, ում նկատմամբ այդ օրը ոստիկանները բռնի ուժ էին կիրառել, ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով ՀՔԾ-ի նշանակած քննությունից իրենց ունեցած սպասելիքների մասին, ասաց. «Այս իշխանությունը բոլոր ոլորտներում նույն ձև է գործում, այնպես որ, սպասում էինք, որ հենց այսպես էլ կլիներ: Չնայած հատուկ քննչականի քննիչը (ազգանունը, կարծեմ, Թադևոսյան էր) քննության ընթացքում մի օր մեզ ընդունեց, ասեց՝  եթե անգամ դուք ուզենաք հետ վերցնել ձեր բողոքը, ասեք, որ չեմ բողոքում ոստիկանի վրա, մենք միևնույն է շարունակելու ենք, քանի որ իրենք չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը, ու դա քննության արդյունքում դեռ կպարզվի: Սա որ էսպես խոսեց, մի պահ մտածեցի, որ կարող է ինչ-որ մի բան կա, ու էս անգամ սրանք իսկականից նորմալ քննություն անցկացնեն, բայց ոչ, ինչպես տեսնում եք, այս շղթան նույն ձևով է աշխատում, ոնց մեր երեխեքի գործերն են քննվում, նույն ձևով այս գործերը»:

policeman1Նշենք, որ այս տարի ոստիկաններն արդեն երկրորդ անգամ են որդեկորույս մայրերի նկատմամբ ուժ կիրառում: Փետրվարին տեղի ունեցածը, սակայն, ավարտվեց միայն երկու ոստիկանի նկատմամբ կարգապահական տույժի կիրառմամբ, առանց քրեական գործի հարուցմամբ:  Իսկ վերջին՝ մայիսի 13-ի միջադեպի քննությունից հետո անգամ կարգապահական տույժ չնշանակվեց, ավելին, ըստ ՀՔԾ-ի, ծնողներն իրենք են հավաքների ազատության մասին օրենքը խախտել և խանգարել նախագահականի բնականոն աշխատանքը։

Նանա Մուրադյանը մեզ տեղեկացրեց, որ  իրենք որոշումը 7-օրյա ժամկետում  բողոքարկելու են: Ավելին, ՀՀ բոլոր ատյանները սպառելուց հետո դիմելու են Եվրոպական դատարան, ասում է՝ դրա համար բոլոր հիմքերը կան՝ դատաբժշկական փորձաքննություն, տեսանյութեր:

«Թող Եվրոպայում խայտառակ լինեն, թող ամբողջ աշխարհն իմանա ՀՀ ոստիկանների վարվելաձևը: Մենք նախ ոչ մի խախտում չենք արել, իրենց աշխատանքային ընթացքը չենք խոչընդոտել: Ոստիկանները միշտ սիրում են իրենց շատ բարի ու լավը ներկայացնել, թող հիմա իրենց իսկական պատկերը երևա, որ բոլորն իմանան, որ էստեղ Սերժ Սարգսյանի Ստրասբուրգում հայտարարած ժողովրդավարական Հայաստանը չի: Այստեղ ոստիկանները սևազգեստ մայրերի վրա ուժ են կիրառում: Մայրերի, որոնք տարիներով մի բանի համար են պայքարում, որ իրենց  որդիների սպանողները պատժվեն: Իսկ իրենք շատ լավ գիտեն իրական մեղավորներին, ոնց կարող է չիմանան, նույնիսկ ծնողը, որ զինվորին բանակ տուլիկ է ուղարկում, իրենք հատ առ հատ գիտեն՝ մեջն ինչ կա, ճանճի տզոցից բռնած գիտեն, ու  բանակում դեպք է եղել, զինվոր են սպանել, իրենք չիմանա՞ն ով է սպանել: Բոլորը գիտեն, և անմիջապես պատասխանատու են հրամանատարները: Ինչի՞ համար մինչև այսօր մեղավորին չեն պատժում, որ ծնողն էլ ստիպված փողոց է դուրս գալիս, այլ ելք չունենք, միակ տեղը նախագահականն է, բա գերագույն գլխավոր հրամանատար է, իր զինվորին սպանողին չպատժի՞, որ մենք էլ գնանք տներով մեր  սուգը սգանք»,- ասում է Նանա Մուրադյանը:

Վերջինիս համար  ՀՔԾ-ի այս որոշումը ևս մեկ ապացույց էր, որ այդ ոստիկանների գործողությունները հովանավորվում են ամենաբարձր՝ ոստիկանապետի և Սերժ Սարգսյանի մակարդակով: Որդեկորույս մոր համար  ոստիկանների կիրառած ուժն ավելի մեծ բարոյական, քան ֆիզիկական վնաս է. «Ոստիկանը ո՞վ եղավ, որ իմ դոշերից սեղմի, քարշ տա, հետևից գա, գրկի, փաթաթվի, քարշ տա: Գիտե՞ք ինչն է ցավը, դեռ մի կողմ, որ կրծքիցս բռնած քարշ էր տալիս, ինքն ինձ դիտավորյալ ճմկթեց: Մենք հոգեբանորեն մեզ ճնշված ենք զգում, մեզ մտցրել են տուփիկի մեջ, ոնց որ բանակում մեր երեխեքի հետ են արել, էստեղ էլ մեզ են անում, ես արդեն պատկերացնում եմ, որ մեզ էստեղ են էսպես արել, բա բանակում ի՞նչ են արել»:

Նաիրա Նալբանդյան

Back to top button