«Ռ. Հայրապետյանն ու Մ. Սեդրակյանը կմնան անպատիժ, պարզապես մի երկու «թաթալոշ» կստանան»

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվեցին աղմկահարույց մի քանի դեպքեր, որոնք առնչվում են բարձրաստիճան պաշտոնյաների անվան հետ: Օգոստոսի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ու նրան ծեծի ենթարկել: Այսօր արդեն տեղեկատվություն տարածվեց, որ Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն: Իսկ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի ազգականներն ու թիկնապահները ծեծի են ենթարկել իրեն ու կնոջը:

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով այս միջադեպերին, նշեց. «ՀՀ-ում օրենք չի գործում, գործում են հասկացությունները, այսինքն «պանյատները»: «Պանյատներով» հասկացան, որ Նեմեց Ռուբոյին չպետք է դատեն Վահե Ավետյանի սպանության գործով, հասկացան, որ Մհեր Սեդրակյանը դեռեւս պետք է մնա դեպուտատ, հասկացան, որ դրա փոխարեն պետք է ազատազրկման վայրերում այնպիսի մարդկանց պահեն, որոնք ինչ-որ կերպ դեմ են պետական կառավարման ձեւին: Եթե այս հասկացություններն են գործում ՀՀ-ում, բնականաբար օրենքները չեն գործում»:
Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ եթե մեկ ուրիշը ամուսնության նպատակով աղջիկ է «փախցնում», նրան առնվազն 5 տարի ազատազրկման կդատապարտեին:
«ՀՀ-ում սկզբունքային հարց է, որ ոչ թե պետք է մարդիկ մտածեն, որ օրենք են խախտում, այլ պետք է մտածեն, թե իրենց շեֆը՝ մեծը, ինչպես է այդ ամենին վերաբերվում»,-նշեց Բաղդասարյանը: Ըստ նրա, եթե շեֆը «դաբրո» է տալիս, ուրեմն ամեն ինչ նորմալ է: «Այս ձեւ էր նաեւ Տեր-Առաքելյանը՝ Հին Էրիվանի, եթե մինչ հայտնի դեպքերը նա կարող էր Սերժ Սարգսյանի 10 մետրանոց նկարը կախեր, դա նորմալ էր դիտվում, հետո մի պահ հարաբերությունները վատացան, սկսեցին ամեն ինչ ձեռքից առնել: Սա է Հայաստանը, որտեղ հարցերը լուծվում են ոչ թե օրենքով, այլ պետական կառավարման ղեկավարի թույլտվությամբ»,- կարծիք հայտնեց փաստաբանը:
«Ս. Սարգսյանի «ապահով Հայաստանի» մասին լոզունգները երեւի հօդս ցնդեցին հենց առաջին օրը, երբ որ փուչիկները տրաքեցին իր իսկ գլխավերեւում, այսինքն կրակ թափեց թե իր, թե ՀՀԿ-ի գլխին, հիշենք, որ նաեւ ՀՀԿ-ի գրասենյակի տանիքը վառվեց: Ս. Սարգսյանի նպատակն «ապահով Հայաստանի» կառուցումը չէ, այլ սեփական իշխանության վերարտադրությունն ու սեփական փողի քսակի չափը մեծացնելը»,-նշեց փաստաբանը: Նա վստահ է, որ ինչպես Հայրապետյան Ռուբենն, այնպես էլ Սեդրակյան Մհերը կմնան անպատիժ, բայց ոչ այն պատճառով, որ նրանց հնարավոր չէ պատժել, այլ այն, որ երկուսն էլ կանգնած են իշխանության վերին օղակներում:
«Ես վատ եմ պատկերացնում, Նեմեց Ռուբոյի նման մեկը, որ երբեք ֆուտբոլի հետ կապ չի ունեցել, այսօր ինքը շահագրգռված է ֆուտբոլի զարգացմամբ, բայց Հայաստանի ֆուտբոլով շահագրգռվածն առնվազն Իռլանդիայի հետ խաղից հետո հրաժարական կտար»,- ասաց Հ. Բաղդասարյանը: Ըստ նրա, ինչպես բոլոր հարցերը, սա նույնպես կլուծվի Բաղրամյան 26-ում, եւ չի բացառվում, որ փոքրիկ «թաթալոշներ» ստանան Հայրապետյանն ու Սեդրակյանը, բայց չպատժվեն:
Վերջում Հարություն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ անպատժելիության մթնոլորտն ավելի կխորանա իշխանության՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից հետո:
Փայլակ Ֆահրադյան