Բռնությունները Հայաստանում շարունակվելու են, ինչպես «քեֆերը»՝ «Հարսնաքարում»

«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը, ով այժմ գտնվում է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցում, ունակ չէ նորմալ խոսել: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը: Ըստ երեւույթին, նա դեռեւս չի հարցաքննվել, սակայն հայտարարել է, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է հրամայել ծեծի ենթարկել իրեն: Ավիաընկերության սեփականատերը նշել է, որ Հայրապետյանի թիկնազորի անդամներն են իրեն ծեծել, և խոստացել է առաջիկայում այլ մանրամասներ հաղորդել տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
Քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը, ով Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական միջադեպերից հետո կազմակերպված բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցն էր, ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մեր հասարակությունը բռնությանը համապատասխան կերպ չի արձագանքում, չի պարտադրում, որ բռնարարը պետք է դատվի: Այդ իսկ պատճառով ազատորեն իրենց գործունեությունն են շարունակում «լիսկաները», դառնում հերթական ողբերգական միջադեպերի գլխավոր գործող անձինք.
«Նույնը Ռուբեն Հայրապետյանի պարագայում: Նա չվերադարձավ խորհրդարան, բայց նրա ոչ բիզնեսները, ոչ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին ոչինչ չսպառնաց, այնպես որ, հասարակությունը մինչեւ վերջ չի գնում բռնությանը «ոչ» ասելու եւ դատապարտելու բռնության ցանկացած ակտ: Այդ պարագայում բռնության մշակույթի կրող իշխանությունը ինչո՞ւ պետք է դեմ գնա այդ ամենին: Ես ընդհանրապես չեմ զարմանում, որովհետեւ, օրինակ, Սյունիքի ամբողջ բնակչությունը պետք է դուրս գար, իր բողոքի ձայնը բարձրացներ, որ նման անձ, ինչպիսին Սուրիկ Խաչատրյանն է, չվերանշանակվեր մարզպետի պաշտոնում: Այնինչ մենք տեսնում էինք ողջունողների: Այսինքն՝ չկար հակազդեցություն, բայց կային ողջունողներ: Ռուբեն Հայրապետյանի դեպքում, երբ որ Վահե Ավետյանի 40-օրյա ժամկետը չէր լրացել, եղավ չակերտավոր մտավորականների նամակը, թե մի հրաժարվեք ձեր մանդատից, դուք մեր ընտրյալն եք»:

Ակտիվիստի կարծիքով, հասարակության, այսպես ասած, «ողջունողների եւ հանդուրժողների» թիվը քիչ չէ, հակառակ դեպքում ցանկացած նման միջադեպ բուռն արձագանք կստանար, մարդիկ փողոց դուրս կգային եւ կպահանջեին արդարադատություն իրականացնել:
«Ամբողջ ֆուտբոլի հավաքականը պետք է դուրս գար փողոց: Քանի՞ ֆուտբոլի թիմ ունենք, քանի՞ ծեծ տեղի ունեցավ: «Փյունիկի» բժշկի ծեծը՝ Հովասափյանի, որը Վովա Գասպարյանի թեթեւ ձեռքով կոծկվեց: Մի քանի ֆուտբոլիստների հետ նմանատիպ միջադեպեր տեղի ունեցան: Գիտե՞ք, ես մտածում եմ, որ պատահական չէ, որ Հայաստանի ֆուտբոլային թիմերը բարձունքների չեն հասնում, որովհետեւ բռնությունն ընդունող քաղաքացին երբեք հաղթանակների արժանի չէ: Ցանկացած ֆուտբոլային խաղի ժամանակ ես մտածում եմ, որ նրանք այն մարդիկ են, ովքեր գտնվում են Ռուբեն Հայրապետյանի անմիջական վերահսկողության ներքո: Նրանք դուրս չեն գալիս եւ չեն ասում՝ ո՞վ է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Դրա համար այս վիճակն է, շատ քիչ են այն մարդիկ, ովքեր չեն ընդունում բռնությունը, շատ քիչ են այն մարդիկ, ովքեր համարում են, որ մարդու կյանքի, ազատ գործունեության իրավունքն ավելի բարձր է, քան ֆինանսական հնարավորություններն ու բռնության մշակույթի կրող անձը»:
Զառա Հովհաննիսյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանից, ով հանդիսանում է նրանց պարագլուխը, պետք չէ ակնկալել, որ կպատժի ենթականերին: Իշխող ռեժիմին նաեւ չի մտահոգում, որ ՀՀԿ-ն կարող է վարկաբեկվել:
«Եթե հասարակությունը նույն արժեքների կրողն է, ՀՀԿ-ն ինչո՞ւ պետք է վարկաբեկվի: Իսկ հասարակությունը պահանջո՞ւմ է ՀՀԿ-ից այլ տիպի կառավարում: Ասում է՝ չէ, ՀՀԿ-ն թող փոխվի, ԲՀԿ-ն գա, ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Չի ասում, չէ՞, հասարակությունը, թե՝ գիտեք, մենք ո՛չ ՀՀԿ ենք ուզում, ո՛չ ԲՀԿ ենք ուզում, չենք ուզում ընդհանրապես բռնարարներին տեսնել պատասխանատու պաշտոններին, այլ ուզում ենք տեսնել բանտերում: Չեն ասում, չէ՞: Ժառանգություն, ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ո՞ւմ շուրջ էին միավորվել՝ Գագիկ Ծառուկյանի: Վաղը, մյուս օրը նրա թիկնապահներն ինչ-որ մեկին կծեծեն եւ դարձյալ կմնան անպատիժ»:
«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրենի հետ տեղի ունեցած միջադեպից հետո չկան կասկածյալներ: Սա այն դեպքում, երբ, ինչպես նշեցինք, տուժողը մանրամասնել է՝ ով է հրահանգ տվել եւ ովքեր են ծեծի ենթարկել իրեն: Սա եւս տարօրինակ չի համարում ակտիվիստը: Դարձյալ հիշեցնում է «Հարսնաքարի» միջադեպը:
«Այն ժամանակ երբ ասում էինք՝ որտե՞ղ էր Ռուբեն Հայրապետյանն այդ պահին, որ նա է անմիջականորեն հրահանգ տվել, նախաքննությունը փորփրեց եւ ասաց, որ բոլոր տեսագրություններն ընդհանրապես գոյություն չունեն՝ ո՛չ Հարսնաքարում, ո՛չ Ֆուտբոլի ֆեդերացիայում, ո՛չ նրա տանը: Բոլոր տեսաձայնագրությունները ոչնչացվեցին»:
Սահմանադրական փոփոխությունների նախաշեմին չի բացառում, որ ուժեղացնում են տեղական «իշխանիկներին»՝ քաղաքացիական անհնազանդությունները խեղդելու համար:
«Որպեսզի սահմանադրական գիտակցությունն իսպառ բացակայի, ստրուկների վերածվեն մարդիկ, ոչ թե քաղաքացիների: Ցանկացած քաղաքացիական դրսեւորում ի վերջո ճնշվում է նմանատիպ տեղական իշխանիկների թիկնազորների եւ նրանց մանկլավիկների միջոցով: Մենք հիշում ենք բոլոր ընտրությունների ժամանակ թաղային հեղինակությունների կեղծարարությունները: Կամ ինչո՞ւ պետք է «Ոսկե ծիրանի» ամփոփիչ բանկետը տեղի ունենար «Հարսնաքարում»: Ինչո՞ւ պետք է Պապլավոկը դեռ գործի, եթե այնտեղ ծեծելով մարդ են սպանել, ինչո՞ւ պետք է մարդիկ, մտավորականները դեռեւս այցելեին «Հարսնաքար»: Այդ բռնությունները, կարծում եմ, շարունակվելու են, թիվն աճելու է, որովհետեւ այդ մարդկանց Գիտությունների ազգային ակադեմիայում նստած գիտնականները, որոնք բոլորովին այլ արժեքների կրող պետք է լինեին, տալիս են գիտական աստիճաններ…»,-նշեց Զառա Հովհաննիսյանը:
Արմենուհի Վարդանյան