Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

Քննիչը խորհուրդ է տվել մեղադրյալ օպերլիազորներին միմյանց դեմ ցուցմունք տալ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք են տվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Մեղադրյալ օպերլիազորներն դատարանում տված իրենց ցուցմունքներում նախ նշել են, որ իրենց համար անհասկանալի է  առաջադրված մեղադրանքը, քանի որ այն ձևակերպումը, թե իրենք էական վնաս են հասցրել, իրենց համար անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ւմ նկատմամբ է վնասը հասցվել: Նշենք, որ գործում որպես տուժող ներգրավված է Ռոբերտ Հովսեփյանը, ով ներկայումս մեկ այլ գործով՝ գողության համար, դատապարտված է:

Խաչատուր Բախբուդարյանը իր ցուցմունքում նշել է, որ 2012 թվականին, երբ իրենք աշխատում էին, գողություններիի աճ էր նկատվել Կենտրոն վարչական շրջանում, և իրենց տեղեկացրել էին, որ կենտրոնում բնակվող Ռոբերտ Հովսեփյանը գողություններ է կատարում և նրա նկատմամբ սահմանվում է հսկողություն, որից հետո փորձում են նրան գտնել: Եվ նախորդ տարվա հոկտեմբերի չորսին իրենք տեղեկանում են, որ տուժողը իր չորս ընկերների հետ գտնվում է Ռոստովյան փողոցում և, քրեական բաժանմունքի պետ Արթուր Մկրտչյանին զեկուցելուց հետո, օպերլիազորնեը մեկնում են դեպքի վայր: Բախբուդարյանի խոսքով՝ երբ իրենք մոտեցել և ներկայացել են, Ռոբերտ Հովսեփյանը փախուստի փորձ է արել, սակայն մեծ դժվարությամբ նրան բռնել են և նրա ընկերոջ` Քերոբ Սիմոնյանի մեքենայով տեղափոխել են ոստիկանության քրեական բաժին:

Բախբուդարյանը նաև ասել է, որ Հովսեփյանի հետ օպերատիվ զրույցի ժամանակ պարզվել է, որ նա Երևանի կենտրոնի շուրջ յոթ բնակարաններից կատարել է գողություններ, որից հետո կանչվել է քննիչ, նա բանավոր պատմել է, այնուհետև նրան տարել են ՁՊՎ (Ձերբակալվածների պահման վայր): Իսկ երբ դեպքից մի քանի օր հետո նույն օպերլիազորները գնացել են, որ նրան ՁՊՎ-ից տանեն քննչական, այնտեղ տեղեկացել են, որ Հովսեփյանը փորձել է ինքնավնասում կատարել, այդ ժամանակ այնտեղ են եղել նաև ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցները, որոնց Հովսեփյանը բողոքել է, որ ոստիկանության բաժնում իրեն ծեծել են: Իսկ երբ ՄԻՊ-ի աշխատակիցները մատնացույց են արել մեղադրյալ օպերլիազորներին, թե արդյոք նրա՞նք են եղել իրեն ծեծողները, Հովսեփյանը տվել է բացասական պատասխան:

Դրանից հետո, Բախբուդարյանի խոսքով, Հովսեփյանն արդեն բողոքել է օպերլիազորների դեմ, իսկ նրա փաստաբան Սարգիս Խաչատրյանը մոտեցել է օպերլիազորներին և ասել հետևյալը.

«Տղերք, կարաք գողությունը ջրեք, ասեմ՝ բողոքը հետ վերցնի»: Բախբուդարյանն էլ ասել է, որ իրենք գողություն ջրող չեն:

Բախբուդարյանը մեջբերել է նաև մինչև Հովսեփյանի բերման ենթարկվելը նրա և մոր հեռախոսազրույցի գաղտնասլումից մի քանի դրվագ: Մասնավորապես մայրը զանգահարել է որդուն և ասել հետևյալը:

«Արի տուն, հերիք ա փողոցներում զվռնես, հո գողությո՞ւն չես անում: Նա էլ ասում է՝ հա, անում եմ»: «Հետո նա հեռախոսով ինչ-որ մեկի հետ զրույցում ասել էր, որ տաքսիստը ընենց ա ծեծել, գլուխս ցխել ա»,- պատմել է Բախբուդարյանը:

Իր ցուցմունքի վերջում Բախբուդարյանն ասել է, որ ինքը սպորտի միջազգային վարպետ է և բազմաթիվ անգամներ երկրի պատիվը բարձր է պահել և արժանի չէ, որ իր երկրում արժանանա նման վերաբերմունքի:

Այնուհետև Ռոբերտ Հովսեփյանին հնարավորություն է տրվել հարց տալու ամբաստանյալներին: Եվ նա, դիմելով Խաչատուր Բախբուդարյանին, ասել է. «Խի՞ ես խաբում Խաչիկ, պետե՞րն են սովորացրել, պետերն եկան, պետերն են կարգադրել, որ ինձ ծեծեն, ինչ արել եմ, դրա համար դատվել եմ»:

Ի պատասխան Բախբուդարյանն ասել է, որ այստեղ միակ խաբողը Ռոբերտն է և հավելել է, որ իրենց գործողությունները ամբողջությամբ իրավաչափ են եղել, և եթե Հովսեփյանի նկատմամբ որևէ ղեկավար որևէ գործողություն է արել, ապա թող բողոքեր:

Բախբուդարյանն այսօր իր ցուցմունքում նաև տեղեկացրել է, որ երբ իրենց կանչել են հարցաքննության, երկուսին էլ քննիչը խորհուրդ է տվել միմյանց դեմ ցուցմունք գրել, ինչից երկուսն էլ հրաժարվել են: «Արտակին ասել էր Խաչիկի վրա ցուցմունք գրի: Հո գրելո՞վ չի»,- ասել էր Խաչատուր Բախբուդարյանը:

Արտակ Բարսեղյանն էլ իր ցուցմունքում պատմել է այն, ինչ ասել էր Բախբուդարյանը, միայն ավելացրել է, որ իրենք Հովսեփյանի հարցաքննությանը ներկա չեն եղել, միայն հարցաքննության ժամանակ մի քանի անգամ ներս է մտնել, որպեսզի Հովսեփյանին տանի զուգարան, քանի որ նա իրեն վատ է զգացել:

«Քննիչը կանչեց բացատրություն գրելու, ասել է, թե էսպիսի բաներ եք արել, ես էլ ասացի՝ գնացեք տեսագրությունը հանեք, նայեք՝ ինչ ենք արել: Ու շառով սենց գնում ենք»,- ասել է Արտակ Բարսեղյանը:

Օպերլիազորների ցուցմունքից հետո տուժողի փաստաբան Սարգիս Խաչատրյանը հերքել է, թե ինքը մոտեցել է մեղադրյալներին և ասել, որ գողության փաստը «ջրեն»:

Այնուհետև օպերլիազորների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանում կրկնել է իր նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ արված այն միջնորդությունը, որ որպես վկա դատարանում հարցաքննվեն ոստիկանության կենտրոնի բաժնի ղեկավարներն ու բաժնի մի քանի այլ աշխատակիցներ, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները :

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ միջնորդությունը բավարարել է մասնակի: Դատարանում վկայություն տալու համար կծանուցվեն ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, բացի Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանից: Ինչպես նաև մերժվել է ՄԻՊ աշխատակիցներին դատարան հրավիրելու միջնորդությունը, քանի որ, օրենքի համաձայն, այդ անձինք օգտվում են պաշտպանի իրավունքներից և պարտականություններից

Եվ որպեսզի դատարանը անհրաժեշտ ծանուցումներն իրականացնի, դատական նիստը հետաձգվել է և նշանակվել հուլիսի մեկին, ժամը 12.00-ին:

 

Լիլիթ Թադևոսյան

Լուսանկարը՝ pastinfo.am

Back to top button
Close