«Ոտքի՛, Հայաստան»-ը եռօրյա նստացույցն ավարտեց. Քննարկում են պայքարի հետագա քայլերը

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամներն արդեն դադարեցրել են նստացույցը, սակայն շարունակում են գտնվել Հանրապետության հրապարակում:
Ինչպես հայտնի է, հայտարարված նստացույցը եռօրյա էր, եւ երեկ նախաձեռնության խորհրդի անդամները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, ասել էին, որ այսօր կառավարության նիստից հետո որոշելու են իրենց պայքարի հետագա քայլերը:
Քիչ առաջ ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ ներկա պահին իրենք շարունակում են գտնվել Հանրապետության հրապարակում եւ նախաձեռնության անդամները քննարկում են ծավալում, որոշելու են հետագա քայերը:
Դավիթ Սանասարյանը փոխանցեց, որ գործողությունների մասին տեղյակ կպահեն:
Հավելենք նաեւ, որ երեկվանից մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնվել են բողոքի ակցիային մասնակցող ցուցարարների լուսանկարները՝ վիրավորական մակագրություններով: Թե ովքեր են դրանց հեղինակները, նախաձեռնության անդամները միայն ենթադրում են, որ կարող են լինել ոստիկանները:
Հիշեցնենք, «Ոտքի՛, Հայաստան»-ը եռօրյա նստացույց էր սկսել Հանրապետության հրապարակում: Շարժման պահանջները անփոփոխ են, դրանք երեքն են․ չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, վերանայել սակագները՝ նվազեցման միտումով և պատժել հունիսի 23-ին Բաղրամյանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին։