Պատերազմի վերսկսման հավանականությունը քիչ է. ադրբեջանագետ

«Մեզանում մի փոքր շատ է դրամատիզացվում իրավիճակը, ամեն անգամ այսպիսի լարված իրավիճակի ժամանակ մարդիկ կարծես թե փորձում են ինչ-որ պատճառներ փնտրել: Պատճառներն, ըստ իս, բավականին պարզ են: Պարզապես Ադրբեջանը պարբերաբար լարում է իրավիճակը, իսկ այդ լարումն էլ ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա վերջին օրերի լարվածությանն՝ ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները եւ մասնավորապես պետական քարոզչությունը ներքին լսարանի համար մատուցում են արտաքին թշնամու կերպարը:
«Եվ այն, որ ժամանակ առ ժամանակ սահմանում իրավիճակը լարվում է, դրանում որեւէ տարօրինակ բան տեսնել պետք չէ: Իհարկե երբեմն լինում են դեպքեր, երբ կոնկրետ իրադարձությունների հետ են կապված՝ կարեւոր հանդիպում լինի եւ այլն, եւ հետո չմոռանանք, որ Բաքվում եվրոպական խաղերի ժամանակ կարծես թե իրավիճակը մի փոքր ավելի հանդարտ էր, եւ դրանից հետո արդեն պետք էր մի փոքր պորցիա՝ ագրեսիայի պորցիա, որպեսզի ներքին լսարանին այդ ամեն ինչը մատուցվի, թե՝ տեսեք, հայերը կրկին լարում են սահմանային իրավիճակը»,- ասաց Սարգիս Ասատրյանը:
Վերջինիս խոսքով՝ ադրբեջանական քարոզչամեքենան ինֆորմացիան հենց այդպես էլ ներկայացնում է: Հետեւաբար, ըստ Ս.Ասատրյանի, այս գործողություններն ինչ-որ տեղ օրինաչափ են եւ կրկնվում են: Ադրբեջանագետը միեւնույն ժամանակ նշում է, որ այս ամենը լայնածավալ ռազմական գործողությունների դժվար թե հանգեցնեն, եւ պատերազմի վերսկսման հավանականություն չկա: «Որովհետեւ այս իրավիճակը մենք վաղուց ունենք, եւ տարօրինակ բան տեսնել այստեղ պետք չէ»,- ասաց ադրբեջանագետը:
ԳԱԼԱ-ի հարցին, թե որքանով կարող էր ազդել իրավիճակի սրմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, Ս.Ասատրյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ուորլիքի հայտարարության ֆոնին իրավիճակի լարումը Ադրբեջանում կարող են ներկայացնել հետեւյալ կերպ, թե՝ տեսեք, Ուորլիքն անում է տարածքների վերադարձի հետ կապված հայտարարություն, իսկ հայերը փորձում են լարել իրավիճակը սահմանում, որպեսզի ցույց տան, թե տարածքների հետ վերադարձի մասին խոսք լինել չի կարող, անվտանգության գոտի… ես այժմ ներկայացնում եմ նրանց պետական քարոզչության տեսանկյունից, թե ինչ կարող են նրանք ներկայացնել իրենց ներքին հանրությանը: Այս առումով իհարկե կարող է որոշակիորեն կապված լինել Ուորլիքի հայտարարության հետ, սակայն նորից եմ նշում, որ իրավիճակն օրինաչափ է»: