Քո ձայնը

«Անջատեք խոսափողը, այդ հարցն օրակարգի հետ կապ չունի»

Բաղրամյան 19-ում ծվարած ՀՀԿ-ականները վերջերս սկսեցին այնքան հաճախ կիրառել իրենց «վետոն»` «Անջատեք խոսափողը» ինքնագոհ արտահայտությունը, որ այն արդեն զավեշտ է հիշեցնում: Չդիմանալով գայթակղությանը` փորձեցի պատկերացնել, թե այլ ինչ դրամատիկ իրավիճակներ կարող են լինել: Ընթերցողի դատին հանձնելով այս «ստեղծագործությունը»` միևնույն ժամանակ նրա ներողամտությունն եմ հայցում երևակայական (գոնե` առայժմ) բացասական օրինակների համար:

Եվ այսպես` պատկերացնենք Ազգային ժողովի արտահերթ նիստ: Պատգամավորները գրանցվում են, քվորում կա, և երթուղայինների գծատերերից մեկը ներկայացնում է օրակարգը:

Գ. Ս. – Հարգելի պատգամավորներ, մեր արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են երկու հարց: Առաջինը` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայության բոլոր աշխատակիցների աշխատավարձերն ու պարգևավճարները 150 տոկոսով բարձրացնելու մասին» հարցն է: Օրինագիծը հեղինակել են Հանրապետական խմբակցության պատգամավորներ Կարեն Ավագյանը, Հերմինե Նաղդալյանը, Առաքել Մովսիսյանը, Վարդան Այվազյանը և Մհեր Սեդրակյանը: …Վարման կարգի վերաբերյալ, խնդրեմ:

Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր – Շնորհակալություն: Բոլորս գիտենք, որ երկու օր առաջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը որդու, եղբոր և իր 11 ուղեկիցների հետ դաժան ծեծի է ենթարկել իր ճանապարհին պատահմամբ հայտնված երեք հովվի, որոնցից երկուսը հիվանդանոցի ճանապարհին մահացել են, իսկ երրորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Եվ չնայած Գլխավոր դատախազության այն հաղորդագրությանը, թե մարզպետն ու նրա ուղեկիցները գործել են իրենց իրավունքից բխող անհրաժեշտ ինքնապաշտպանությունից ելնելով…

Գ. Ս. – Անջատեք խոսափողը: Այդ հարցն օրակարգի հետ կապ չունի: Խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները, և դատախազության հաղորդագրությունը, ըստ իս, սպառիչ է և արժանահավատ:

Օրակարգի առաջին հարցին կառավարությունը տվել է դրական եզրակացություն, և կառավարության կողմից հարցի զեկուցող է նշանակվել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանը: …Վարման կարգի վերաբերյալ:

Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, արդեն երկրորդ օրն է, ինչ իր հունից դուրս եկած, բազմաթիվ շինություններ ջրածածկ արած և մարդկային կյանքեր խլած սելավատար Գետառը հնարավոր չի լինում չեզոքացնել, վերադարձնել իր հունը: Մայրաքաղաքում ստեղծված այս արտակարգ իրավիճակի մեղավորները…

Գ. Ս. – Անջատեք խոսափողը: Պատգամավորներին խնդրում եմ վարման կարգի վերաբերյալ խոսել միայն օրակարգին առնչվող հարցերից:

Մեր օրակարգի երկրորդ հարցն է` «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական, այդ թվում` նախագահական, Ազգային ժողովի, կառավարության, դատարանների և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին քաղաքացիների հասցեագրած դիմումներից և նամակներից յուրաքանչյուրի դիմաց որպես պետական տուրքի սահմանում նվազագույն աշխատավարձի 5 տոկոսի չափով գումար գանձելու մասին» հարցը: Այս օրինագծով զեղչեր նախատեսված չեն: Կառավարության կողմից հարցի զեկուցող է նշանակվել Սոցիալական ապահովության նախարարը… Վարման կարգի վերաբերյալ:

Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր – Շնորհակալություն: ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ մահափորձ է եղել Սյունիքի մարզպետի դեմ. արձակված կրակոցներից չորսը դիպել են մարզպետի հագին գտնվող կոստյումին, երկուսը դիպել են փողկապին այն ժամանակ, երբ մարզպետն այն ուղղելիս է եղել, և նա որևէ վնասվածք չի ստացել: Կուզեի ճշտել` իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այն լուրերը, թե Լիսկայի անձեռնմխելիությունն իրականում ապահովում են ոչ թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, այլ Մերկելը, Պուտինը, Օբաման և Հռոմի պապի աղոթքները…

Գ. Ս. — Անջատեք խոսափողը: Խնդրում եմ չշեղվել օրակարգից:

Պատգամավորներին հիշեցնեմ նաև, որ այս նիստի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովը Հանրապետական խմբակցության առաջարկով գումարելու է ևս մեկ արտահերթ նստաշրջան ընդամենը մեկ` «Արտասահմանյան երկրներում աշխատող մեր հայրենակիցների կողմից Հայաստանի Հանրապետություն իրենց հարազատներին փոխանցվող մասնավոր տրանսֆերտների 15-30 տոկոսը (կախված գումարի չափից) պետական բյուջե գանձելու մասին» հարցով: Այս կարևոր նախագծով մենք, փաստորեն, գործնականում կարգավորում ենք «Արի տուն» ծրագրի «Փոխանցիր գանձարանին» ենթաօրենսդրական դաշտը: Կառավարության կողմից հարցի զեկուցող է նշանակվել Սփյուռքի նախարարը: …Վարման կարգի վերաբերյալ:

Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր – Հարգելի գործընկերներ, մինչ մենք այստեղ զբաղված ենք նորանոր գրպանահատությունների օրինաստեղծմամբ, Պաշտպանության նախարարությունը տեղեկություն հրապարակեց, թե ադրբեջանական մեծաթիվ ստորաբաժանումներն ու դիվերսիոն խմբերն օդուժի աջակցությամբ զանգվածային կրակ են բացել Հայաստանի սահմանի ողջ երկայնքով և փորձում են առաջ շարժվել: Մենք պետք է անհապաղ…

Գ. Ս. — Անջատեք խոսափողը: Նորից եմ խնդրում` խոսեք միայն օրակարգի վերաբերյալ: Այժմ արտահերթ ելույթի իրավունքով ձայնը տրվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

Էդ. Շ. – Հարգելի գործընկերներ, ճիշտ է` Գետառը մեծ ավերածություններ է գործել, սակայն կխնդրեի առաջնորդվել բացառապես Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով և խոսել միայն օրակարգի հարցերից: Բոլորս ենք հասկանում, որ մեր իրավապահների աշխատավարձերը բարձրացնելով` մենք դրանով նրանց մղում ենք ավելի լավ աշխատելու և վերացնելու սելավի հետևանքներն ու գտնելու այս ողբերգության մեղավորներին: Լրատվամիջոցներում այս երկու օրը, ինչ-որ ուժերի պատվերով, ողջ մեղքը գցում են Երևանի քաղաքապետարանի վրա, բայց, հարգելիներս, դա անհիմն մեղադրանք է: Երբ մեզ ասում են, թե ինչի եք իրավապահների աշխատավարձերը բարձրացնում 150 տոկոսով, բայց չեք բարձրացնում թոշակառուների կենսաթոշակները, պարզաբանեմ, որ իրավապահների թիվն ընդամենը մի քանի տասնյակ հազար է, իսկ ահա թոշակառուների թիվը` շուրջ կես միլիոն: Կարծում եմ` ակնհայտ է, որ ավելի հեշտ է աջակցություն ցուցաբերել մի քանի տասնյակ հազարին:

Ուզում եմ նաև անդրադառնալ մեր որոշ գործընկերների այն մտահոգությանը, թե նավթադոլարների շնորհիվ Ադրբեջանը մեծ քանակությամբ սպառազինություն է գնում: Նախ` Ռուսաստանը պատժամիջոցներից ֆինանսական վնասներ է կրում, և մենք պետք է ըմբռնումով մոտենանք, որ մեր ռազմավարական դաշնակիցն իր վնասները փոխհատուցում է Ադրբեջանին զենքի վաճառքով: Եվ երկրորդ` մասնավոր տրանսֆերտներին վերաբերող այս օրենքը երբ ընդունենք, ապա այդ տրանսֆերտներից բյուջե մտնող 15-30 տոկոսի անգամ մի մասն էլ եթե տրամադրենք մեր զինված ուժերի սպառազինության արդիականացմանը, դա մեծապես կզսպի մեր հարևանի ախորժակը: Ուրեմն` պետք չէ այդքան հոռետես լինել, հարգելի գործընկերներ, և վստահ ասում եմ, որ Ադրբեջանը շուտով կզգա մեր այս օրինագծի բացասական ազդեցությունն իր զինված ուժերի վրա: Եվ հենց այս պետականամետ օրինագծերն են ինձ հիմք տալիս ձեզ բոլորիդ կրկին հիշեցնելու իմ մի քանի անգամ ասած այն խոսքերը, որ Հանրապետականը դեռ մի տասը տարի էլ կմնա իշխանության:

Գ. Ս. – Շնորհակալություն: Կարծում եմ` այս ելույթը սպառիչ պատասխանեց բոլոր դատարկ հերյուրանքներին: …Վարման կարգի վերաբերյալ` Վարդան Այվազյան:

Վ. Ա. – Շնորհակալություն: Էս մեր ընդդիմադիրները որ սենց բողոքում են, ուզում եմ հարցնել` ի՞նչ ա` դուք դե՞մ եք, որ իրավապահների ընտանիքներն իրենց մի քիչ ավելի լավ զգան, հա՞: Սաղ օրը սոցիալական վիճակից եք խոսում: Կամ որ ասում եք, թե` ո՞նց կարելի ա տրանսֆերտներից տոկոսներ գանձել: Ես ձեզ պատասխանատու ձևով ասում եմ, որ դրսում աշխատող մեր հայրենակիցները հենց լսեն էս օրենքի մասին, իրանք շատ կուրախանան ու ավելի լավ կաշխատեն` իմանալով, որ բյուջեին էլ ա փող գնալու: Այ էս խոսքերս լավ կհիշեք ու վաղը մյուս օրն էլ կասեք, թե` Այվազյան Վարդանն ինչ ճիշտ էր ասում: Ժողովուրդն էսօր մեզ ա ընտրել, մենք էլ քթնում ենք, որ մեր պետության համար էս ձևն ա ճիշտ: Էս ընդդիմադիրների բողոքը դառավ էն նույն կորեացի վանականի պատմությունը, որ հարցնում էի, թե գիտե՞ք` խի՞ ա իրա տելեվիզըրը դնում գառդիրոփի գլխին. է հա` իրա տելեվիզըրնա, իրա գառդիրոփը` ուր ուզի կդնի, այ քեզի բաաաաաաաաան:

Գ. Ս. – Շնորհակալություն, պարոն Այվազյան: Հարգելի ընդդիմադիրներ, փաստորեն չեք թողնում, որ սկսենք օրակարգի հարցերի քննարկումը, անընդհատ ձայն եք խնդրում: …Վարման կարգի վերաբերյալ:

(Դահլիճում գոռգոռոցներ են լսվում. «Դե զզվցրիք, էլի, ձեր վարումով, սաղ օրը` վարման կարգ, հա վարման կարգ, կարո՞ղ ա ձեր պատճառով պտի սաղ օրը ստե մնանք»): Պարոն Մովսիսյան, հանգստացեք: Կուզե՞ք` խոսափողը միացնենք: Լավ, որ չեք ուզում` չենք միացնի, բայց մի աղմկեք: Ի՞նչ, մի կտոր հա՞ց: Համբերի, Առաքել ջան, այս կարևոր հարցերը քվեարկենք, հետո… Վարման կարգի վերաբերյալ:

Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր – Հայ-թուրքական արձանագրությունները կրկին հայտնվել են խորհրդարանում, Արարատի մարզի դպրոցներում սկսվել է դասավանդվել «ՀՀԿ-ն ուղեցույց է» անվանումով փորձնական դասաժամը, ինչ-որ կազմակերպություն իրավունք է ստացել կարմիր գծանշումներից զերծ տարածքներում կանաչ գծեր քաշել, հեռուստաեթերն ամբողջությամբ ողողված է լոտոների գովազդով… Ո՞ր մեկն ասեմ, որ մյուսները չմոռանամ: Կառավարությունն օրերս թողարկեց 1 միլիարդ 300 մլն դոլարի նոր եվրապարտատոմսեր, այսպես կոչված` եվրոբոնդեր: Առաջին հարցս` մեր երկրի ահռելի պարտքային բեռը Հայաստանի Հանրապետությա՞ն բյուջեից է մարվելու, թե՞ Հանրապետական կուսակցության բյուջեից, որը կրկնակի ավելին է…

Գ. Ս. – Անջատեք խոսափողը: Ըստ Կենտրոնական բանկի` մեր արտաքին պարտքը թույլատրելիի սահմաններում է, և դեռ էլի կվերցնենք: Բոլորիդ հորդորում եմ խոսել միայն օրակարգին վերաբերող հարցերից: …Վարման կարգի վերաբերյալ, միացրեք խոսափողը:

Թմբուկ եվրասիական – Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի նոր փառահեղ հաղթանակի` Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու կապակցությամբ, ինչը, անշուշտ, էականորեն կամրապնդի մեր երկրի դիրքերը միջազգային ասպարեզում: Սա, հիրավի, մեր նախագահ պարոն Սերժ Սարգսյանի հեռատես և կշռադատված քաղաքականության արդյունք է, որի շնորհիվ քայլ առ քայլ հզորանում է Հայաստանը: Հատուկ ընդգծեմ, որ այս կազմակերպությանն անդամակցելու գլխավոր առավելությունն այդ նոր անդամ-երկրների շուկաներ մուտք գործելն է, և այժմ մեր ապրանքների առաջ լրիվ բաց են Կամբոջայի 15 մլն-անոց, Նեպալի 30 մլն-անոց և Ադրբեջանի 7 մլն-անոց շուկաները: Դրան էլ գումարենք, ինչ խոսք, ԵՏՄ-ի 170 մլն-անոց շուկան, ու տեսեք, թե ինչ հնարավորություններ են բացվում: Խոսքս ուզում եմ ավարտել` ձեզ բոլորիդ հրավիրելով մեկ ամիս հետո տպագրվելիք իմ նոր` «Հայ, կամբոջ և նեպալ ժողովուրդների քաղաքակրթական ընդհանուր անցյալն ու միասնական ապագան» վերնագրով գրքի շնորհանդեսին: Շնորհակալություն:

Գ. Ս. – Շնորհակալություն, պարոն Գեղամյան, անպայման կգանք Ձեր գրքի շնորհանդեսին: …(Հոգոց հանելով) Վարման կարգի վերաբերյալ:

Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր – Նախորդ բաժակաճառը որևէ կապ չուներ օրակարգի հետ, պարոն Սահակյան, սակայն Դուք չանջատեցիք խոսափողը: Հիմա ուզում եմ, որ պատասխանեք հետևյալ հարցին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ո՞ր հոդվածն է ձեր կառավարությանը լիազորել Սևանա լճի 40 տոկոսը 11 տարի վարձակալությամբ հանձնել օֆշորային գոտում գրանցված ինչ-որ Sash and Mish company անվանումով կազմակերպությանը: Քրեակատարողական հիմնարկներում ձեր…

Գ. Ս. – Անջատեք խոսափողը: Մեր կանոնակարգ-օրենքով սահմանված է կառավարության հետ հարց ու պատասխանի ժամ: Կգա այդ օրը, և Դուք հնարավորություն կունենաք Ձեր հարցն ուղղել կառավարությանը: Իմ կողմից ասեմ, որ դա խիստ շահավետ գործարք է մեր երկրի համար, և Սահմանադրական դատարանն էլ կիրակի օրն այդ պայմանագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: …Վարման կարգի վերաբերյալ:

Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր – Քանի որ նույնիսկ կեղծիքներով, կաշառքով ծեծով ու ահաբեկումներով ձեր նոր իշխանազավթումն այլևս հնարավոր չէր, դրա համար դուք փորձում եք իրականացնել Սահմանադրական բարեփոխումներ» անվանումով օպերացիան: Անգամ Ռուսաստանի և Ադրբեջանի պես բռնապետություններում գործում է որոշակի անցողիկ շեմ, իսկ երկփուլ ընտրություններ պարզապես չկան: «ՀՀԿ-ն` հավետ իշխանության» ձեր մոդուլը ժողովուրդն արագ կվերափոխի «ՀՀԿ-ն` հավետ բանտերում»…

Գ. Ս. – Անջատեք խոսափողը: ՀՀԿ-ն վաղուց է ապացուցել, թե ինչքան արդյունավետ է կառավարում: Այլևս ձայն չեմ տալու, անցնում ենք օրակարգի քննարկմանը: Լավ, վերջին անգամ: …Վարման կարգի վերաբերյալ:

Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր – Ձեր արդյունավետ կառավարումը բացառապես համապատասխանում է ՀՀԿ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերին: Ըստ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած վերջնագրի` մինչև տարեվերջ հայկական զինուժը պետք է դուրս գա ԼՂՀ ազատագրված տարածքներից, և շփման գոտում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, այդ թվում` թուրքական 500 հոգանոց զորախումբ: Ձեր արտգործնախարարությունը հայտարարում է, թե` Հայաստանը շուտով կսկսի դուրս բերել իր զինուժն ազատագրված տարածքներից… Հանուն իշխանության պահպանման` դուք արդեն գործնականում եք սկսել հայկական տարածքները վաճառել թուրքերին ու ադրբեջանցիներին…

Գ. Ս. – Անջատեք խոսափողը: Արտգործնախարարության հայտարարությանը ծանոթ չեմ, իսկ մադրիդյան սկզբունքները նպաստավոր են մեզ համար, և այդ տարածքները վաղ թե ուշ մենք պետք է հանձնեինք Ադրբեջանին: Թուրքական զորախումբն էլ իրականացնելու է միջազգային խաղաղապահ առաքելություն, և այդտեղ որևէ վտանգ չեմ տեսնում: Անցնենք օրակարգին: Լավ, սա իրոք վերջինն է, այլևս թող ոչ ոք ձայն չխնդրի: …Վարման կարգի վերաբերյալ:

Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր – Պարզապես տեղեկացնեմ ձեր իշխանությանը, որ տասնյակ հազարավոր մարդիկ լուռ հավաքվում են Ազատության հրապարակում, և Մելիք-Ադամյան փողոցում տեղակայված ՀՀԿ կենտրոնական գրասենյակն այս պահին ամբողջությամբ հրդեհվում է…

Գ. Ս. – ԱՆՋԱՏԵՔ ԽՈՍԱՓՈՂԸ, ԱՅԴ ՀԱՐՑՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ:

Հ. Գ. Պարզաբանեմ, թե ինչու օգտագործեցի «Ոչ ՀՀԿ-ական պատգամավոր» արտահայտությունը: ՀՀԿ-իզմը, այսինքն` Լեռնային Արցախի Հանրապետության տարածքների հանձնումը, ամբողջական կոռուպցիան, համատարած անպատժելիությունն ու ցինիզմը, մարդասպանությունն ու ահաբեկումները, իշխանագողությունն ու գրպանահատությունը, լիսկայությունն ու շմայսությունը, սերունդներին պարտքերի տակ ճզմելն ու Հայաստանի հայաթափումը մեծագույն չարիք և մահացու վիրուս է մեր անկախության և քաղաքակրթության համար: Եվ այսօրվա կարևորագույն գերխնդիրը ՀՀԿ-ի իշխանազրկումն է: Ահա թե ինչու տարանջատեցի` «ՀՀԿ» և «Ոչ ՀՀԿ-ական»:

Իսկ առհասարակ` այս իրավիճակի համար իրենց մեղքի մեծ բաժինն ունեն ՀՀԿ-ի կոալիցիոներ դաշնակիցները` մինչ օրս իրենց հանցավոր անցյալին գնահատական չտված և չմեղանչած այդ ԲՀԿ-ները, ՀՅԴ-ները, ՕԵԿ-ները…

Արամ  Ենոքյան

Ավելին
Back to top button