Պենտագոնը չի բացառում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը. BBC

ԱՄՆ-ն չի բացառում ռազմական ուժի կիրառումն Իրանի դեմ, այն դեպքում, եթե Թեհրանը շարունակի միջուկային զենքի ստեղծման իր աշխատանքները,- BBC-ի տեղեկացմամբ, հայտնել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:
Մերձավոր Արեւելք կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը նշել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի վերահսկողության շուրջ համաձայնագիրը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում գործի դնել զինված ուժերը:
Այցի ընթացքում Քարթերը կլինի Իսրայելում եւ Սաուդյան Արաբիայում, որտեղ մտահոգված են ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Իրանի հնարավորությունների աճի հեռանկարով:
Անցյալ շաբաթ Վիեննայում Իրանի եւ «վեցնյակի» միջազգային միջնորդները համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ:
Թեհրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը պատժամիջոցների վերացման եւ Արեւմուտքի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման դիմաց:
Միեւնույն ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի համագործակցի ԱՄՆ-ի հետ միջազգային քաղաքական հարցերում, իսկ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները բացառություն էին:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան