Նորություններ

7 դրամի փոխհատուցումը կրկին արվելու է ժողովրդի գրպանից. Որքան շուտ բացահայտեն, այնքան շուտ կիմանա ժողովուրդը

ՀՀ իշխանությունները շարունակում են գաղտնի պահել ֆինանսական այն աղբյուրը կամ աղբյուրները, որոնցից պատրաստվում են վճարել ՀԷՑ-ին՝ լրացուցիչ 7 դրամի դիմաց, ՀՀ քաղաքացիների փոխարեն:

Հիշեցնենք՝ Ս. Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնելու 7 դրամի վճարումը, որից հետո էլ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե պետբյուջեից չեն փոխանցելու գումարները: Եւ մինչեւ հիմա որեւէ հստակեցում չկա՝ արտաբյուջետային ի՞նչ միջոցներից է ՀՀ կառավարությունը վճարելու. Արդյո՞ք դրանք վարկային միջոցներ են լինելու, որոնց դիմաց դարձյալ վճարելու է ՀՀ քաղաքացին, թե՞ անհատ կազմակերպություններ կամ անձինք են վերցնելու այդ պարտավորությունը: Մի քանի անգամ ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ այս հարցով դիմել են ՀՀ կառավարությանը, սակայն կառավարությունն այնուամենայնիվ, չի պատրաստվում հրապարակել ֆինանսական այն աղբյուրը, որից հատկացվելու է փոխանցումը ՀԷՑ-ին:

Միքայել Մելքումյան
Միքայել Մելքումյան

ԱԺ պատգամավոր տնտեսական հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այս հարցի քննարկում չի եղել եւ հնարավոր է, որ առանձին պատգամավորներ ինչ-որ տեղեկություններ ունեն ֆինանսական այն աղբյուրների մասին, որոնցից ՀԷՑ-ին գումարներ են փոխանցելու. «Արտաբյուջետային միջոցներից կարող է լինել, դա կարող է լինել տարբեր փոխառություններից, տարբեր աղբյուրներից: Բայց այնքան էլ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ կառավարությունը վերցրել է իր վրա եւ կանի: Ես կարող եմ ենթադրել, թե ինչ աղբյուրներից են փոխանցելու, պատկերացնում եմ՝ դա ինչի հաշվին կարող է լինել, բայց առայժմ չեմ կարող հրապարակել»:

Թեւան Պողոսյան
Թեւան Պողոսյան

ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի մեկ այլ անդամ Թեւան Պողոսյանը չի բացառում այն հանգամանքը, որ հնարավոր է՝ մասնավոր գրպաններից գումար փոխանցեն ՀԷՑ-ին. «Միգուցե բանակցություններ են եղել, եւ մի կողմը պատրաստ է եղել գումար փոխանցելու՝ պայմանով, որ չհայտնեն աղբյուրը: Ես վստահ չեմ, բայց դա անշուշտ, կարող է եւ լինել: Ժամանակին ունեցել ենք դեպքեր, երբ 90-ական թվականներին Քըրք Քըրքորյանն օգնել է ֆինանսականով, մի այլ մարդ մի ուրիշ բան է արել, կարող է բանակցել են, մի հիմնարկ է իր վրա է վերցրել»:

Ըստ Թեւան Պողոսյանի՝ ուշ թե շուտ պարզվելու է, թե որտեղից կամ ով է փոխանցում ՀՀ քաղաքացու փոխարեն 7 դրամի համար: Օգոստոսին, երբ գումարներ փոխանցվեց, կառավարությունը ստիպված է լինելու նաեւ աղբյուրը բացահայտել:

Հովսեփ Խուրշուդյան
Հովսեփ Խուրշուդյան

Տնտեսագետ Հովսեփ Խուրշուդյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով նույն թեմային, կարծիք հայտնեց՝ ասելով, որ անկախ այն բանից, թե այդ փոխհատուցումը լինելու է ՀՀ պետական բյուջեից, թե արտաբյուջետային միջոցներից, երկու դեպքում էլ նշանակում է, որ դա արվելու է Հայաստանի ժողովրդի կա՛մ վճարած հարկերի, կա՛մ հանրային սեփականության օտարման հաշվին: «Հասարակության համար միակ ընդունելի ճանապարհն այն կլիներ, որ կա’մ էլեկտրաէներգիան ընդհանրապես չթանկանար, քանի որ այդ թանկացումն անհիմն է, կա’մ էլ` այդ թանկացումը փոխհատուցվի կոնկրետ այն կոռուպցիոներների անձնական միջոցների հաշվին, ովքեր տարիներ շարունակ չեն վճարել իրենց պատկանող գործարաններում եւ հիմնարկներում ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց, կամ ընդհանրապես ժամանակին թույլ են տվել Հայաստանի բաշխիչ ցանցերի` չնչին գումարով սեփականաշնորհումը: Սակայն հասկանալի է, որ քանի դեռ իշխանության գլուխ է հենց այն քրեական խմբավորումը, որը 1995թ.-ից ի վեր թալանում է բյուջեն եւ ժողովրդին, հետեւաբար ակնկալել, որ այդ 7 դրամը կփոխհատուցվի իրենց գրպանից, իրենց թալանած միջոցներից, միամտություն կլինի»:

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ հարցը իրականում խորապես քաղաքական է: Իսկ գաղտնի են պահում, քանի որ որքան շուտ բացահայտեն, թե ինչ միջոցներով է փոխհատուցվելու այդ 7 դրամը, այնքան շուտ հասարակությանը պարզ կդառնա, որ դա արվելու է կրկին ժողովրդի գրպանից:

Քրիստինա Մկրտչյան

Back to top button
Close