Նորություններ

Ես հիմա ղարաբաղցի ջրաղացպան եմ. Գերման Ստերլիգով

Ռուս գործարար Գերման Ստերլիգովը հարմարվում է իր նոր բնակավայրին՝ Լեռնային Ղարաբաղին:

Ռուս գործարարը տեղափոխվել էր ԼՂՀ ամսվա սկզբին եւ հիմա սկսել է վաճառել իր ռուսական ունեցվածքը: ԼՂՀ մեկնելուց հետո Ադրբեջանի իշխանությունները նրան ընդգրկեցին «սեւ ցուցակում», ինչը նրան բացարձակ չի անհանգստացրել: Ստերլիգովն իր ապագա պլանների մասին պատմել է Vesti-ին տված հարցազրույցում:

«Այսօր մենք ջրաղաց ենք գնել: Ես հիմա ղարաբաղցի ջրաղացպան եմ՝ ամբողջովին ալյուրի մեջ շաղախված: Այսօր աղացել ենք ալյուրի առաջին պարկը եւ վաղն այն կվաճառենք: Հիմա ապրելու միջոցներ ունենք»,- ասել է Ստերլիգովը:

Էքսցենտրիկ ռուս գործարար Գերման Ստերլիգովը հանկարծակի անհետացել էր Մերձմոսկովյան իր սլոբոդայից՝ լքելով իր մի քանի հա հողը, անասունները, տունը եւ հայտնվել էր Լեռնային Ղարաբաղում: Նա ողջ օրն անցկացնում է լեռներում՝ իր նոր ֆերմայի համար հարմար վայր ընտրելով:

«Կուզենայի, որ այնտեղ աղբյուր լինի եւ անասուններին արածեցնելու տեղ, ու որ բարձրությունը հաճելի լինի»,-ասում է գերմանը:

Նրա հետ տեղափոխվել է ողջ ընտանիքը՝ կինը եւ 5 երեխաները: Այդ պատճառով նա պատրաստվում է մեծ տուն կառուցել: Ստերլիգովները դեռեւս ապրում են ընկերների տանը, բայց նա չի ուզում չարաշահել նույնիսկ կովկասյան հյուրընկալությունը: Ստերլիգովը պլանավորում է ֆերմերություն անել եւ զբաղվել սեփական արտադրության էկոլոգիապես մաքուր մթերքի վաճառքով: «Առաջին հերթին դրանք ոչխարներն են, Ղարաբաղյան ցեղատեսակի ոչխարները՝ ամենաշքեղն ու հիանալին»,- պարզաբանում է նա:

Նա նշում է, որ այստեղ տասնամյակներ շարունակ ոչ մի քիմիկատ չեն օգտագործել: Ամեն բան բնական է: Էկո-ֆերմայի համար ավելի լավ տեղ հնարավոր չէ գտնել, ասում է Ստերլիգովը: «Այստեղ հարթավայր չէ, կլիման բոլորովին այլ է: Սա այս պահին միակ փաստարկն է: Սակայն ծովի մակարդակից նման բարձրության վրա ոչ միայն մաքրագույն հող, օդ եւ ջուր կա, այլ նաեւ շատ կարեւոր է, որ լեռնային աստվածային աշխարհը շատ մոտ է մարդուն»,- նշում է գործարարը:

Ստերլիգովն իր հապճեպ տեղափոխության պատճառները դեռեւս թաքցնում է եւ խոստանում է հրապարակել երկուշաբթի կայանալիք հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ: Անգամ հարազատները ոչինչ չգիտեն:

«Դեռեւս չի կարելի վերադառնալ Ռուսաստան: Թե ինչով է դա պայմանավորված, ես չգիտեմ: Չեմ կարող անգամ ենթադրել, թե ինչն է պատճառը»,-ասում է Ստերլիգովի կինը՝Ալյոնան:

Նա նույնպես արդեն հաստատվել է նոր վայրում, բացել է նորաձեւության տուն, ճիշտ այնպիսին, ինչպիսին որ ուներ Մերձմոսկովյան շրջանում: Տարածքը նույնպես տրամադրել են ընկերները, իսկ նախնական կապիտալն անհրաժեշտ էր միայն կարի մեքենայի համար:

artsakhpress.am

Back to top button
Close