ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Կալիֆորնիական Սալթոն-սի լիճն ու շրջակայքի բնակիչները՝ իրական վտանգի առջեւ

Կալիֆորնիայում գտնվող Սալթոն-սի աղի լիճն ունի եզակի էկոլոգիական համակարգ: Այն օվկիանոսի մակարդակից 69 մետր ցածր է եւ ցամաքում է: Դրա հիմնական պատճառն արդեն չորրորդ տարին շարունակվող երաշտն է ԱՄՆ-ի ամենամարդաշատ այս նահանգում:

Սալթոն-սիի տեսարժան վայրերից են «սպիտակ հավալուսնի գաղութները»: Աղի ջրով պայմանավորված, որն ուղղակիորեն կապված է լճի ցամաքելու հետ, թռչունները կարող են զրկվել իրենց հիմնական սննդից:

Բուժաշխատող Սաիմա Խանը պատմում է. «Սալթոն-սիի էկոհամակարգի խնդիրը վերաբերում է եւ կենդանիներին, եւ մարդկանց: Իմ մտերիմներից շատերի մոտ ասթմա է սկսվել, ինչը նախկինում չի եղել»:

Սալթոն-սին պայմանականորեն կարելի է անվանել բնական ջրամբար, ինչն առաջացել է Կոլորադո գետի հեղեղումներից հետո: Արդյունքում ճեղքվել են ջրամբարտակներն ու ձեւավորվել են նոր վտակներ, որոնք ավելի ուշ միացել են Սալթոն-սիին:

Ինչպես տեղեկացնում է Բրյուս Ուիլկոքսը՝ «աղի մակարդակն ավելանում է, ու դա տեսանելի է անզեն աչքով, եթե դուք ուշադիր զննեք լճի ջուրը: Անհնար է չտեսնել աղի բյուրեղները: Իսկ երբ քամի է բարձրանում, դրանք տեսանելի են դառնում օդում»:

Եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն, ապա Սալթոն-սին, ինչպես նաեւ նրա առափնյա բնակավայրերի բնակիչները իրական վտանգի առջեւ կհայտնվեն: Բնապահպաններն ահազանգում են` զգուշացնելով անդառնալի հետեւանքների մասին:

Աղբյուր՝ Euronews

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Back to top button
Close