Միջազգային մամուլի տեսություն

Վիկտոր Երոֆեեւ. «Դադարեցրե՛ք պատերազմն Ուկրաինայում»

Ռուսաստանցի գրող Վիկտոր Երոֆեեւն, ով այժմ գտնվում է Գերմանիայում, շվեյցարական Tagesanzeiger-ին տված հարցազրույցում պահանջել է անհապաղ վերջ դնել Ուկրաինայում պատերազմին:

«Դադարեցրե՛ք պատերազմն Ուկրաինայում: Հարկավոր է օգտագործել բոլոր դիվանագիտական ​​գործիքները: Անմիջապե՛ս: Այն, ինչ կատարվում է այնտեղ, մեծ վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է գրողը: «Ավելին, Արեւմուտքը պետք է ունենա ծրագիր Ռուսաստանի համար՝ Պուտինից հետո, քանի որ այս պոստմոդեռնիստ բռնապետը մեծ հաշվով ներկայացնում է ոչ բոլոր ռուսաստանցիներին: Բոլորը պետք է վերջապես հասկանան դա»:

Պուտինը, Երոֆեեւի խոսքերով, «իրեն ուժեղ առաջնորդ է երեւակայում»: «Նա ղեկավարում է «կոշտ, կոպիտ եւ ավտորիտար» սկզբունքով եւ այդ պատճառով հաջողություն ունի այս երկրում»,- կարծիք է հայտնել գրողը:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կարելի է դաժան երկիր համարել, Երոֆեեւը պատասխանել է. «Այո, գուցե, Ստալինի այդ գենը մենք կրում ենք մեր մեջ: Մինչդեռ, միանգամայն հնարավոր է, որ ստալինիզմը հայտնվել է նախքան Ստալինը»:

Երոֆեեւը նաեւ բացատրել է հոմոֆոբիայի պատճառները ռուսաստանցիների շրջանում: «Բնակչության կեսն անցել է բանտերով եւ գաղութներով, որտեղ, ցավոք, տեղի են ունենում բռնություններ: Այդ պատճառով ռուսաստանցիները համասեռամոլությունն ասոցացնում են բռնության հետ»:

Աղբյուր՝ Tagesanzeiger

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Back to top button
Close