Նորություններ

«Կոչ ենք անում իրավասու մարմիններին անհապաղ կարճել Կ. Պետրոսյանի նկատմամբ հարուցած շինծու քրեական գործը». Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցներ

Մենք՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցներս, շարունակում ենք մեր մտահոգությունը հայտնել նստացույցի մասնակից Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու քաղաքական որոշման նկատմամբ և համարում այս գործընթացը սադրանք քաղաքացիական պահանջով իրենց բողոքն արտահայտող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:

Անմիջական մասնակից լինելով հունիսի 23-ին Գյումրիում տեղի ունեցած գործողություններին, ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր իրավասու մարմիններին ցուցաբերել խոհեմություն և անհապաղ կարճել տնտ.գ. թ., դոցենտ Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցած շինծու քրեական գործը՝ խուլիգանության մեղադրանքով:

Գնահատելով սույն գործընթացում ներգրավված անձանց ջանքերը և անսալով Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպս. Աջապահյանի հորդորին՝ պատրաստակամ ենք ևս մի քանի օր անցկացնել կարճման որոշման սպասման մեջ: Խորհրդակցելով գործում ներգրավված փաստաբանի հետ՝ փաստում ենք, որ այդ սպասումը չի կարող ավելի երկար լինել, քան ս.թ. հուլիսի 14-ը:

Այդ ընթացքում լուծումներ չտեսնելու դեպքում մեզանից յուրաքանչյուրն այլևս իրեն ազատ է համարում խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած նման ահաբեկչական քայլերին արձագանքել իրավական պաշտպանության լուրջ գործընթացով՝ զուգորդված բողոքի արտահայտման խիստ օրենքով չարգելված քաղաքացիական ու բարոյական ճնշումների բազմազան գործողություններով:

Ավելի լավ Հայաստանի ակնկալիքով՝ Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցներ

Back to top button
Close