Նորություններ

«Իմ վարչապետը գազալցակայան չունի: Գ. Ծառուկյանը կարող է ունի, բայց ես չգիտեմ». Արմեն Երիցյան

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարցին, թե որպես նախկին փոխոստիկանապետ, ինչպե՞ս է մեկնաբանում հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների իրականացրած գործողությունները, երբ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրվեց ու ջրցան մեքենան գործի դրվեց, նա արձագանքեց. «Շատ նորմալ, ոչ մի ուժ չի կիրառվել: Ես գտնում եմ, որ ոստիկանությունն իր առջև դրված խնդիրները կատարել է, և ես այնտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում»:

Դիտարկմանը, թե անգամ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է ասել, որ այդ օրը ոստիկանության գործողություններում սխալներ են եղել, և այժմ քննություն է ընթանում, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Ուրեմն պարոն ոստիկանապետին էլ հարցրեք: Դա իմ թեման չի»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում գազալցակայաններում հաճախակի դարձած պայթյունների դեպքերին, Արմեն Երիցյանը պատասխանեց, թե իրենց գերատեսչությունը գազալցակայաններում հաճախակի է ստուգումներ անցկացնում: Նրա խոսքով` խնդիրը հավանաբար այն է, որ գազալցակայանների աշխատակիցները փորձում են գազաբալոնները լիցքավորել թույլատրելիից ավելի չափով, ինչն էլ հանգեցնում է դժբախտ պատահարների:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ըստ տեղեկությունների գազալցակայաններ ունեն նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա խնամին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, արդյո՞ք նրանց գազալցակայններում եւս ստուգումներ իրականացրել եք, Ա. Երիցյանը պատասխանեց. «Իմ վարչապետը գազալցակայան չունի: Գագիկ Ծառուկյանը կարող է ունի, բայց ես չգիտեմ»: Նախարարը, միաժամանակ, հավաստիացրեց, որ ցանկացած գազալցակայանում ստուգումներ իրականացնելու մասով իրենք որևէ խնդիր չունեն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հանրապետության տարածքում գտնվող գազալցակայաններում մի քանի պայթյուններ են գրանցվել: Դժբախտաբար, եղան զոհեր, որոշ գազալցակայանների սեփականատերեր տուգանվեցին, իսկ որոշների գործունեությունն էլ ժամանակավորապես կասեցվեց: Վերջին դժբախտ դեպքը տեղի ունեցավ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:

Back to top button
Close