Տնտեսական

«Գնացեք ինքներդ ձեզ համար հրաման տվեք, աշխատեք…». Ռոբերտ Նազարյանը՝ Բիբինին

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին մասնակցեց նաեւ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել էր 14 տարբեր որոշումների նախագծեր, որոնց համաձայն ՀԷՑ-ը պետք է տուգանվեր 75 մլն դրամով: Խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը խախտել է քաղաքացու սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու ժամկետները, բացի այդ, միացման վճարից բացի, քաղաքացիներից պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով, որպես հիմնավորում ՀԷՑ-ը ներկայացրել է ընկերության ֆինանսական ծանր վիճակը:

ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինն իր խոսքում դարձյալ նույնը պնդեց, որ ստեղծված իրավիճակն է թելադրել նման որոշում կայացնել:

Վերջինս հայտարարեց, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ընկերությունը շատ ծանր վիճակում է, ուստի ընդունել են այդ որոշումը, որպեսզի կարողանան ապահովել համակարգի անխափան աշխատանքը: Բիբինը նշեց, որ հասկանում է սպառողներին, նրանց համար հեշտ չէ, սակայն որոշումն ընդունվել է ժամանակավորապես:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը հայտարարեց. «Խոսքը գնում է մենաշնորհային ընկերության մասին, որն օգտվում է մենաշնորհային իրավունքներից: Ինչպես հայտնի է, մենաշնորհային իրավունքներն ամրակցված են նաեւ մենաշնորհային պարտականություններով, որտեղ կա իրավունք, այնտեղ կա նաեւ պարտականություն: Ձեր լիցենզիայի առաջին կետում հստակ գրված է, որ ընկերությունը պարտավոր է իր գործունեությունը ծավալել ՀՀ օրենքների, իրավական ակտերի եւ այլ պահանջներով: Ի՞նչ է նշանակում, որ ընկերությունն ինքը որոշեց, որ իր ֆինանսական վիճակը լավ չի, որ փող է պետք, ու վաղվանից որոշում է, որ ով ուզում է էլեկտրաէներգիային միանա, պետք է հարյուր տոկոսանոց վճարում կատարի դրանից հետո: Դուք կարծում եք, որ ընկերությունը նման իրավու՞նք է ունեցել: Դա, մեղմ ձեւակերպեմ, ընդունելի չէ, ասեմ ավելին, դա անօրինական գործունեություն է: Դուք ստորագրում եք մի իրավական ակտ, որը հակասում է ՀՀ օրենքներին»:

ՀԾԿՀ անդամը նաեւ հայտարարեց, որ այդ խախտումը շարունակական թույլ է տվել ՀԷՑ-ը, եւ տեղին կլինի, եթե ենթարկվի պատասխանատվության, ուստի ինքը կողմ է քվեարկելու:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն իր խոսքում նշեց. «Ես չէի խոսի այս թեմայով, բայց քանի որ պարոն Բիբինն իր ելույթի մեջ հետեւյալ ձեւակերպումը տվեց, որ այդ պահին ճիշտ էր եւ արդարացված, այ այդտեղ մի փոքր մտածելու առիթ կա: Եթե դուք ինքներդ պետք է որոշեք՝ որն է ճիշտը, որն է սխալը, ապա էս հանձնաժողովի հետ ինչի՞ եք ընդհանրապես առնչվում: Գնացեք ինքներդ ձեզ համար հրաման տվեք, աշխատեք, մեր կարգերը դրեք մի կողմ, մեր օրենքները դրեք մի կողմ, ձեր ճիշտ ու սխալով աշխատեք: Չի կարելի նման գնահատական տալ: Նույնիսկ այդ գնահատականն ինձ վախեցրեց, որ դուք տվյալ երեւույթի համար ասում եք՝ այդ պահին ճիշտ էր դա»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բիբինը, դուրս գալով նիստերի դահլիճից, դարձյալ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Հավելենք, որ այսօրվա նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ին տուգանեց 60 մլն դրամի չափով:

Արմենուհի Վարդանյան

Back to top button
Close