Նորություններ

Վաղվա հանրահավաքը վճռորոշ է լինելու, չի բացառվում նաեւ երթը դեպի Բաղրամյան 26

Երկուշաբթի օրվանից Ազատության հրապարակում հացադուլ սկսած քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի: Նշեց նաեւ, որ հացադուլին միացած 4 երիտասարդները եւս իրենց լավ են զգում:

ՀՀ շատ քաղաքացիներ են այցելում Ազատության հրապարակ ու իրենց զորակցությունը հայտնում հացադուլավորներին,-նշեց Դ. Սանասարյանը:

Նրանից  հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է հավանական, որ Ազատության հրապարակը մարդաշատ կդառնա, ու արդյո՞ք չի պատրաստվում վերանայել իր որոշումը. «Տեսնենք հինգշաբթի՝ վաղը ինչ կլինի, իմ համար ավելի շատ էներգետիկան է կարեւոր, քան թե մարդկանց թիվը, մարդիկ ովքեր պատրաստ են գնալու գործողությունների, ոչ թե մարդիկ ովքեր կմնան Ազատության հրապարակում եւ մի խումբ երիտասարդներ կշարժվեն առաջ: Դրա համար ես իմ համար որոշում եմ կայացնելու՝ դուրս գալ հացադուլից, թե՞ ոչ, դա կախված է մարդկանց էներգետիկայից:  Չգիտեմ արդյունավետությունը որքանով կլինի, այնուամենայնիվ ես հրապարակում եմ ու չեմ ուզում, որ հրապարակում շարժը հանգչի, դրա համար ես այստեղ եմ մի քիչ ինձ նեղություն տալով, դրա համար խնդրում եմ բոլորին մի քիչ իրենց նեղություն տան ու գան հրապարակ»,-ասաց Դ. Սանասարյանը:

Ինչպես հայտնի է, վաղը ժամը 19:00-ին Ազատության հրապարակում նախատեսվում է անցկացնել հանրահավաք, որի ընթացքում անդրադարձ է կատարվելու հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերին, ինչպես նաեւ ներկայացվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ստեղծված շարժման կազմակերպչական և կառավարման հարցերը, հետագա անելիքները, ուստի Դ. Սանասարյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ վաղվա հանրահավաքին, քանի որ այն վճռորոշ է լինելու:

Նա նշեց նաեւ, որ քաղաքացիների ակտիվ մասնակցության դեպքում չի բացառվում նաեւ երթը դեպի Բաղրամյան 26. «Մենք վճռական ենք տրամադրված ու վաղը կտեսնենք նաեւ ժողովրդի վճռականությունը , եթե ժողովուրդը լինի վճռական, մենք մեր վճռական քայլերը կիրականացնենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Հերմինե Մկրտչյան

Back to top button
Close