Միջազգային մամուլի տեսություն

Մայքլ Հայդեն. «Իրաքն այլեւս գոյություն չունի, ինչպես նաեւ Սիրիան»

«ԿՀՎ եւ ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի կարծիքով, ջանքերը, որոնք ուղղված են Իրաքի եւ Սիրիայի վերականգնմանը, դատապարտված են ձախողման»,- գրում է Լորա Մանդեւիլը Le Figaro-ում:

Գեներալ Մայքլ Հայդենը ժամանակին ղեկավարել է Ազգային անվտանգության ծառայությունը եւ ԿՀՎ-ն, իսկ այժմ արդյունաբերական անվտանգության ոլորտում գործող Chertoff մասնավոր ընկերության խորհրդատուն է: Գեներալը պատասխանել է Le Figaro-ի մի քանի հարցերի:

«Ես երբեք չեմ տեսել միջազգային նման բարդ իրավիճակ, ինչպիսին հիմա է, հատկապես Մերձավոր Արեւելքում, այն երկրներում, որոնք ժամանակին կոչվել են Իրաք եւ Սիրիա: Այժմ մենք գործ ունենք «Իսլամական պետության», «Ալ-Քաիդայի», քրդերի, սունիների, շիաների եւ ալավիթների հետ»,- ասում է գեներալը:

«Նայենք ճշմարտության աչքերին. Իրաքն այլեւս գոյություն չունի, Սիրիան գոյություն չունի: Լիբանանը գրեթե պարտվել է, հավանաբար այնպես, ինչպես եւ Լիբիան: 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, ինչի շնորհիվ երկրները հայտնվեցին քարտեզի վրա եվրոպական տերությունների նախաձեռնությամբ, երբեք չի արտացոլել իրականությունը: Տարածաշրջանն անկայունության մեջ կմնա առաջիկա 20-30 տարիների ընթացքում: Ես չգիտեմ, թե ուր ենք գնում: Բայց ես կարծում եմ, որ քաղաքականությունը, որն ուղղված է այդ երկրների վերածննդին, դատապարտված է ձախողման: Իմ կարծիքով, քրդերը մեր լավագույն դաշնակիցներն են տարածաշրջանում: Ինչ էլ լինի, նրանք կմնան այդպիսին, քանի որ իրենց շահերից է Արեւմուտքի հետ դաշինքը: Հավանաբար ՄԱԿ-ում կան Իրաքի եւ Սիրիայի ներկայացուցիչներ, սակայն այդ երկրներն արդեն անհետացել են»,- կարծիք է հայտնել է Հայդենը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս պետք է պայքարել «Իսլամական պետության» դեմ, ԿՀՎ նախկին տնօրենն ասել է. «Առաջին հերթին մենք պետք է հարվածներ հասցնենք ու թուլացնենք նրանց: Ի վերջո, մենք իրավունք ունենք պաշտպանվել: Անհրաժեշտ է օգտագործել օդուժը, հարվածել թիկունքից, շտաբներին, ղեկավարներին: Երկրորդ՝ մենք պետք է զսպենք դրա ընդլայնումը, քանի որ չափազանց մտահոգիչ է հետեւել, թե ինչպես է ԻՊ-ը շարժվում դեպի Սինայ եւ պահպանում Ռաքքայի վերահսկողությունը: Մենք պետք է պաշտպանենք մեր դաշնակիցներին, եգիպտացիներին, Սաուդյան Արաբիան, թուրքերին, Միացյալ Արաբական Էմիրությունները: Երրորդ՝ մենք պետք է օգնենք չափավոր մահմեդականներին: Այլընտրանք կարելի է համարել Եգիպտոսի նախագահ աս-Սիսիին: Նա հանդես է եկել կարեւոր ելույթով իսլամում հեղափոխության կոչ անելով: Թերեւս դա պետք է առիթ դառնա, որպեսզի մենք վերսկսենք ռազմական օգնություն ցուցաբերել Կահիրեին»,- ընդգծում է գեներալը:

Իսկ Հայդենի մոտ անհանգստություն առաջացնու՞մ է Ռուսաստանի ագրեսիվությունը Եվրոպայում: «Պուտինն ինքնավստահ է, բայց նա այս խաղում լավ խաղաքարտեր չունի, քանի որ Ռուսաստանը թուլացող պետություն է: Տերության ներկայիս բոլոր հատկանիշները՝ ծաղկող արդյունաբերությունը, ձեռներեցները, ժողովրդավարությունը եւ նույնիսկ գազն ու նավթը վտանգված վիճակում են: Ռուսաստանյան տերության մի քանի գործիքները պատկանում են խորհրդային դարաշրջանին. վետոն ՄԱԿ-ում եւ այն, ինչը մնացել է ռազմական եւ միջուկային տերությունից»,- ասում է Հայդենը:

Նա վստահ է, որ Մոսկվայի ագրեսիվությունը Բալթյան երկրների դեմ փորձ է վերականգնել նախկին հզորությունը: «Բայց ես պետք է խոստովանեմ, որ ռազմական գործողությունը Ղրիմում շատ պրոֆեսիոնալ է անցկացված: Եվ դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգոն լինենք, հատկապես մոտ ապագայում: Ես կցանկանայի, որ Ամերիկայի դիրքորոշումն Ուկրաինայի հանդեպ ավելի հստակ լիներ, որպեսզի խոչընդոտեր Պուտինին որեւէ հիմարություն անել: Ես օրինակ կզինեի ուկրաինացիներին»,- Le Figaro-ին տված հարցազրույցում հայտնել է Հայդենը:

Աղբյուր` Le Figaro

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

Ավելին
Back to top button
Close