Նորություններ

Նախաձեռնող խմբի նոր ծրագիրն արժանացավ նստացույցի մասնակիցների հավանությանը

Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ՀՀ քաղաքացիների խաղաղ նստացույցը:

Երեկոյան նախաձեռնող խմբի անդամներից Դավիթ Սանասարյանը ներկայացրեց նոր ծրագիրը, նա նախ կոչ արեց ՀՀ մարզերում եւ Սփյուռքում գտնվող ՀՀ քաղաքացիներին միանալ պայքարին, քանի որ այն մտնում է նոր վճռական փուլ, ապա հայտարարեց, որ իշխանություններին պահանջների կատարման համար մինչեւ երկուշաբթի ժ. 21:00-ն են ժամանակ տալիս, եւ եթե ՀՀ քաղաքացիների ներկայացրած պահանջներից գոնե մեկը չկատարվի, ապա նստացույցի մասնակիցները բարիկադներ դարձած աղբամաններով կշարժվեն մեկ քայլ առաջ:

Այս օրերին իշխանություններն ուժ կիրառեցին, փորձեցին արժեզրկել շարժումը, ցույց տալ, որ այս ամենն ինքնանպատակ է դարձել, սակայն ՀՀ քաղաքացին կանգնած է բարիկադների մատույցներում,-նշեց  Դավիթ Սանասարյանը:

Այսպիսով, ցուցարարները նոր ժամկետ տվեցին իշխանություններին: Դավիթ Սանասարյանը հայտնեց, թե այս հայտարարությունից հետո ինչ-որ գործողություններ հնարավոր է սկսեն ոստիկանները, կլինեն նաեւ սադրանքներ, ուստի կոչ արեց չտրվել այդ սադրանքներին:

Ներկայացված ծրագիրն արժանացավ նստացույցի մասնակիցների հավանությանը:

Back to top button
Close