Նորություններ

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները Գյումրիում հանրային քննարկում անցկացրեցին

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր Գյումրիում էին: Շարժմանը նոր թափ հաղորդելու համար, ինչպես նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, մարզային այցելություններ են իրականացնում, անցկացնում հանրային քննարկումներ: Առաջին կանգառը Գյումրին էր, քանի որ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ցույցերին զուգահեռ իր ակտիվությամբ աչքի ընկավ Հայաստանի երկրորդ քաղաքը:

«Մարզերի ներգրավվածության խնդիր կար, ուստի մենք որոշեցինք, աչքի տակ ունենալով Բաղրամյան պողոտայի պայքարը, սկսել նաեւ մարզային այցելություններ, որպեսզի մարզերի ներգրավվածությունը նույնպես լինի, քանի որ այս խնդիրն այսպիսին է, որ միայն գյումրեցու, վանաձորցու եւ երեւանցու խնդիր չէ, բոլորիս խնդիրն է»,-նշեց Մաքսիմ Սարգսյանը:

Ելույթներով հանդես եկան «Ոչ թալանին» նախաձեռնության  անդամները: Նրանք հիմնականում ամփոփեցին նախորդ օրերին իրականացված գործողությունները, հունիսի 27-ի դեպքերը, երբ ժողովրդի հիմնական մասը մնաց Բաղրամյան պողոտայում, իսկ նախաձեռնության անդամների մի մասը պայքարը որոշեց շարունակել Ազատության հրապարակում: Սա վրդովվեցրեց հանրային քննարկմանը մասնակցող գյումրեցիներից մեկին. նա արձագանքեց. «Ինչ է նշանակում մի մասը եղել է Օպերայում, մի մասը Բաղրամյան պողոտայում, երբ որ Օսիպյանը, Գասպարյանը, ոստիկանական ուժերը կանգնած էին, դուք էլ գնում էիք օպերա, էդ դեպքում ինչ էիք անելու՞, փախնու՞մ էիք, պատասխանեք հարցիս, ո՞ւր գնացիք»:

Մաքսիմ Սարգսյան
Մաքսիմ Սարգսյան

Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը նշեց, թե նմանատիպ քննադատությունները նորմալ են ընդունում, չեն մեղադրում, միայն չեն ընդունում այն կարծիքը, որ իշխանություններին հաջողվել է շարժումը պառակտել: «Ինչպես տեսանք, Բաղրամյան պողոտայում այդ օրը եղան տարակարծություններ ու մարդիկ բաժանվեցին երկու հիմնական խմբերի՝ Բաղրամյան պողոտայում մնալու եւ Ազատության հրապարակ գնալու ցանկությամբ, դրա համար նորմալ է, որ մարդիկ կարող է ունենան այլ կարծիքներ»,-նշեց Մաքսիմ Սարգսյանը:

Ապա հայտնեց, թե նախաձեռնության պահանջներն էլ նույնն են, ինչ այս պահին բարձրաձայնում են Բաղրամյան պողոտայում նստացույց անող քաղաքացիները. «Չեղարկել հունիսի 17-ի ապօրինի որոշումը, վերանայել ներկայիս գործող սակագինը՝ նվազեցման համար, եւ հունիսի 23-ին ուժ ու բռնություն կիրառած ոստիկաններին ու քաղաքացիական հագուստով անձանց պատժել»,-եզրափակեց նա:

nk 01 nk 03 nk 05

Back to top button
Close