Միջազգային

BBC-ն պարբերաբար անդրադառնում է Երեւանում ընթացող բողոքի ակցիային

BBC-ն կրկին անդրադարձել է Երեւանի կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես հաղորդելով, որ ցույցի մասնակիցները հայտարարել են, թե շարունակելու են բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչեւ չկատարվի իրենց հիմնական պահանջը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշման կասեցումը:

«Բաղրամյան պողոտայում գտնվող ցույցի մասնակիցների տրամադրությունը բավականին բարձր է: Մի խումբ երիտասարդներ հայկական երաժշտության եւ ծափահարությունների ներքո պարում էին, իսկ հովանոցների տակ ցույցի մասնակիցներին սառը ջուր էին բաժանում: Ճանապարհին երկու շարքով դրված են աղբամաններ, որոնք, ըստ ակցիայի կազմակերպիչների, ինքնատիպ պաշտպանական միջոցներ են»,-տեղեկացնում է BBC-ն:

Բողոքի ակցիայի մասնակից ակտիվիստներից մեկը՝ Վաղինակ Շուշանյանը նշում է. «Մենք բախում ու բռնություն չենք ուզում, մենք միայն ուզում ենք, որ նվազեցնեն էլեկտրաէներգիայի սակագինը»:

Ցուցարարները հրաժարվում են նախագահի հետ հանդիպումից՝ առաջարկելով նրան ուղիղ եթերով հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման կասեցման մասին: «Սա խաղաղ ցույց է: Այստեղ չկա ոչ մի քաղաքականություն: Մեզ չեն վերահսկում  ինչ-որ կազմակերպություններ կամ խորհրդարանական խմբեր»,- BBC-ին հայտնել է Վաղինակ Շուշանյանը:

«Բարիկադներից մի քիչ հեռու ոստիկաններն արգելապատնեշներ են տեղադրել եւ ոստիկանական մեքենաներ կայանել: Ակցիայի մասնակիցներից շատերն այն կարծիքին էին, որ ոստիկաններն այլեւս ուժի չեն դիմի ցույցը ցրելու համար: Հիշեցնենք, որ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաներով ցրեցին բողոքի ակցիան, ավելի քան 200 մարդ ձերբակալվեցին, ովքեր ավելի ուշ ազատ արձակվեցին»,-հայտնում է BBC-ն:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button