BBC-ի անդրադարձը Բաղրամյան 26-ում տեղի ունեցած իրադարձություններին

Միջազգային լրատվամիջոցները սկսել են անդրադառնալ երեկ Երեւանում տեղի ունեցած զարգացումներին:
BBC-ն բավականին հավասարկշռված եւ օբյեկտիվ է լուսաբանում երեւանյան զարգացումները՝ գրելով.
«Երեւանում հունիսի 19-ից Ազատության հրապարակում շուրջօրյա բողոքի ակցիաներ էին: Երկուշաբթի երեկոյան արդեն ավելի քան 5000 ցուցարար Բաղրամյան 26-ում էր՝ նստացույցի, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը»:
Հեղինակը նաեւ գրում է, որ եռօրյա նստացույցից հետո ՀՀ կառավարությունից պատասխան չստանալուց հետո միայն ցուցարարները ստիպված եղան շարժվել դեպի նախագահական նստավայր:
«Պողոտայի սկզբնամասում գտնվում էին մեծ թվով ոստիկաններ, զինտեխնիկա եւ ջրցան մեքենաներ:
Ցուցարարները ստիպված եղան կանգ առնել: Նրանց առաջարկեցին ձեւավորել 5 անձից բաղկացած խումբ եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ՝ բանակցելու՝ պայմանով, որ մյուս ցուցարարները կհեռանան Բաղրամյան պողոտայից: Ցուցարարները մերժեցին, անմիջապես նստեցին ճանապարհներին»:
Հեղինակն անդրադարձել է նաեւ ՀՀ ոստիկանության հայտարարությանը, որտեղ ասվում է, որ իրավունք ունեն ուժ գործադրել օրենքը խախտողների նկատմամբ:
«Առավոտյան 5:30-ի սահմաններում սկսեցին ցրել ցույցի մասնակիցներին: Ոստիկանները ծեծում էին ցուցարարներին, խլում եւ կոտրում էին լրագրողների տեսանկարահանող սարքերը: Բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ՝ այդ թվում նաեւ լրագրողներ»:
BBC-ն հիշեցրել է նաեւ, որ ցույցը կազմակերպվել է երիտասարդ ակտիվիստների կողմից:
Եւ որ ցույցեր տեղի են ունեցել նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներում: Այնուհետ առանձնակի ընդգծում է. «Գյումրեցի ցուցարարների ձեռքերին կային «Մենք չենք վճարելու», «Ոչ թալանին» կարգախոսներով պաստառներ»:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան