Նորություններ

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է. ԼՐԱՑՎՈՒՄ Է

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով դիմեց լրագրողներին՝ ազատել տարածքը, քանի որ պատրաստվում են հատուկ գործողություններ ձեռնարկել:

Տարածքն ամբողջությամբ ոստիկանների կողմից շրջափակվել է, բերվել են ջրցան մեքենաներ: Ոստիկանները շղթա կազմած առաջանում են դեպի ցուցարարները:

Տարածքում շատ են նաեւ քաղաքացիական հագուստով իրավապահները:

Հիշեցնենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը մոտեցել էին ցուցարարներին՝ բանակցելու նրանց հետ, սակայն վերջիններս չեն պատրաստվում ընկրկել: Ցուցարարները հրավիրում են ոստիկաններին եւս միանալ նստացույցին:

Ոստիկանները հայտնեցին, որ 4-5 անձից բաղկացած խումբը կարող է գնալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, սակայն ցուցարարները համաձայն չեն առաջարկին:

Լրացում՝ 20:49

Ոստիկանները շարունակում են բանակցել Բաղրամյան փողոցում նստած ցուցարարների հետ: Լրագրողներին թույլ չեն տալիս առաջանալ, քաշքշում են նրանց՝ զրկելով իրադարձությունների ընթացքը լուսաբանելու հնարավորությունից: «Առաջնագծում» են քաղաքացիական հագուստով ոստիկանները: Իրավիճակը լարված է:

Լրացում՝ 21:03

Ցուցարարների նստացույցը շարունակվում է Բաղրամյան պողոտայում: Նրանք հայրենասիրական երգեր են կատարում: Ոստիկանական խմբերը փորձում են վերահսկել իրավիճակը՝ միաժամանակ բանակցելով երիտասարդ ակտիվիստների հետ: Բաղրամյան փողոցի շրջակայքում նկատելի են զրահամեքենաներ եւ ջրցան մեքենաներ:

Լրացում՝ 21:12

Ցուցարարները Բաղրամյան պողոտայում վանկարկում են, հայրենասիրական երգեր կատարում եւ պարում: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկին փորձում է բանակցել երիտասարդ ակտիվիստների հետ: Վերջիններս վանկարկում են «Օսիպյան միացիր»՝ փոխոստիկանապետին առաջարկելով միանալ իրենց բողոքի ակցիային:

Լրացում՝ 21:25

Բաղրամյան պողոտայում հայտնվեցին նաեւ ՀԱԵ հոգեւորականներ, ովքեր լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ ցուցարարներին հստակ պահանջ է ներկայացվել, եւ ցանկալի է բախումներից խուսափելու համար ընդունել այդ առաջարկը՝ հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ: Ցուցարարներից ոմանք, օգտվելով առիթից, իրենց դժգոհությունն արտահայտեցին, որ Հայ Աառքելական եկեղեցու ներկայացուցիչները նման իրավիճակներում երբեք չեն կանգնում ընդվզողների կողքին եւ հայտարարությամբ հանդես չեն գալիս:

Լրացում՝ 21:44

Ավելի քան 2 ժամ Բաղրամյան պողոտայում ոստիկանները բանակցում են ցուցարարների հետ: 4-5 հոգուց բաղկացած խմբով Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը ցուցարարները չեն ընդունում: Նրանք շարունակում են վանկարկել «Ազատ, անկախ Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի» եւ այլ կարգախոսներ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը սկսել է բանակցել առանձին քաղաքացիների հետ: Ցուցարարները հայտնեցին, որ վճռական են տրամադրված, եւ կապ են պաշտպանում մարզերի իրենց ընկերների հետ: Նրանք նշեցին, որ այս պահին փակ են մի շարք ավտոճանապարհներ՝ այդ թվում Երեւան-Գյումրի հատվածը:

Լրացում՝ 21:56

Բաղրամյան պողոտայում նստած ցուցարարները բանակցում են իրենց դիմաց կքանստած փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ միաժամանակ նրան առաջարկելով «տեղավորվել» իրենց կողքին: Նրանք վանկարկում են «Օսիպյանը մերն է», «Օսիպյան նստի»:

Լրացում՝ 23:15

Բաղրամյան պողոտայում նստած ցուցարարները կրկին սկսեցին հայրենասիրական երգերի իրենց կատարումները: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրել էր ցուցարարներին, որ ժ.23:00-ից հետո աղմկել չի կարելի: Ցուցարարների թիվը չի նվազում, ընդհակառակը, նրանց նոր խմբեր են միանում՝ մասնավորապես Գյումրիից եւ Սեւանից:

Լրացում՝ 23:28

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տարածքում է: Նա պնդում է, որ Սերժ Սարգսյանի հետ 5 հոգանոց խմբի հանդիպման առաջարկը լավագույն տարբերակն է: Ցուցարարները հակադարձեցին, որ իրենց պահանջը առաջ է քաշվել 3 օր առաջ, եւ իշխանությունները ժամանակ ունեին արձագանքելու:

«Պարալիզացվել է Բաղրամյան պողոտան, ինչն արդեն կարգի խախտում է: Առայժմ մենք փորձում ենք բացատրել, ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները կհասկանան եւ կդադարեցնեն իրենց անօրինական քայլերը: Ահա, նրանք հիմա վանկարկում են, ինչը բացահայտ անհարգալից վերաբերմունք է մեր քաղաքի մյուս բնակիչների նկատմամբ»,-նշեց Օսիպյանը:

Տեղեկություններ են տարածվել, որ ոստիկանական հավելյալ խմբեր են մոտենում ցուցարարների խմբին, որը նստացույց է անցկացնում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Ցուցարարները վստահեցրել են, որ փակ է Գյումրի-Երևան ճանապարհը, Գավառի եւ Սևանի հատվածները:

Լրացում՝ 00:10

Բաղրամյան պողոտայում նստացույցը շարունակվում է: Մայրաքաղաքի ցուցարարներին միացել են նաեւ մարզերից մեկնած ակտիվիստները: Այժմ ցուցարարների մի մասն առաջարկում է վերադառնալ Ազատության հրապարակ՝ նստացույցն այնտեղ շարունակելու, ոմանք էլ պնդում են, որ հետդարձի ճանապարհ չկա, եւ իրենք մնալու են Բաղրամյան պողոտայում: Որոշվեց տեղում շարունակել ակցիան:

Լրացում՝ 00:30

Բաղրամյան պողոտայում ցուցարարները բարձրախոսով դիմում են բողոքի ակցիայի մասնակիցներին՝ չտրվել սադրանքներին: Ըստ նրանց, ակտիվիստների շարքերում քաղաքացիական հագուստով իրավապահներ կան, եւ անհրաժեշտ է զգոն լինել: Առաջարկ եղավ ոստիկանական խմբերից մի փոքր հեռանալ, ետ քաշվել եւ խաղաղ ակցիան տեղում շարունակել:

Լրացում՝ 00:53

Ցուցարարները կրկին սկսել են հայրենասիրական երգեր կատարել: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով փորձում էր ինչ-որ հայտարարություն անել, սակայն ցուցարարների երգերը խլացնում էին նրա ձայնը: «Դուք արդեն ոստիկանների համբերությունն եք չարաշահում: Լռություն պահպանեք, այլապես ձեր բարձրախոսները կառգրավենք»,-հայտարարեց Օսիպյանը: Փոխոստիկանապետի խոսքերին կրկին հաջորդեց խմբերգը:

Լրացում՝ 01:12

Բաղրամյան պողոտայում ցուցարարներն արդեն հայ մեծերի բանաստեղծությունների ընտրանին են ասմունքում: Ոստիկանները բարձրախոսով կրկին փորձում են ինչ-որ հայտարարություն անել, սակայն նստացույցի մասնակիցներն իրենց երգերով եւ արտասանությամբ ընդհատում են նրանց: Բաղրամյան պողոտայի էլեկտրականության մի մասն անջատվեց, փոխարենը միացվել են ջրցան մեքենաների լուսարձակները:

Լրացում՝ 02:03

Տարածք է ժամանել ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը, ով այս պահին փորձում է բանակցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ՝ Բաղրամյան պողոտայի լուսավորությունը վերականգնելու համար միջնորդելու առաջարկով: Օսիպյանը նշեց, որ դա իրենց գործառույթների մեջ չի մտնում:

Փոխոստիկանապետը մեկ անգամ եւս հարկ համարեց հայտարարել, որ ակցիան անօրինական է, եւ անհրաժեշտության դեպքում ոստիկանները օրենքով սահմանված գործողությունների կդիմեն:

11402399_888605964544743_1361694916105689466_o

Back to top button